Իսկ ո՞ւր է հայ մամուլի տեղը

  • by Editbeglari, 01 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
137 դիտում

Համայնքային կառույցների ապագայի, համերաշխության և փոխադարձ աջակցության մասին քննարկումները կրկին առաջ են բերում մեկ կարևոր հարց․ իսկ ո՞րն է հայ մամուլի տեղը համայնքի կյանքում։

Եթե դպրոցները, եկեղեցիները, մշակութային ու հասարակական կառույցները համայնքային կյանքի հիմնասյուներն են, ապա հայ մամուլը այն հարթակն է, որը տասնամյակներ շարունակ արձանագրում է նրանց գործունեությունը, ներկայացնում ձեռքբերումներն ու բարձրաձայնում խնդիրները։

Սակայն այսօր անհրաժեշտ է հարցնել՝ համայնքային հաստատություններն արդյո՞ք հայ մամուլը շարունակում են դիտարկել որպես իրենց գործունեության կարևոր և անհրաժեշտ մաս, թե՞ թերթին հիշում են միայն հայտարարություն կամ հաղորդագրություն հրապարակելու անհրաժեշտության դեպքում։

Հայ մամուլը պարզապես տեղեկատվության տարածման միջոց չէ։ Այն համայնքի հիշողությունը պահպանող, պատմությունը գրանցող և հասարակական երկխոսություն ձևավորող կառույց է։

Հետևաբար, համայնքային պատասխանատվությունը պետք է տարածվի նաև հայ մամուլի պահպանման և զարգացման վրա։ Եթե ուզում ենք պահպանել մեր համայնքային կյանքը, պետք է պահպանենք նաև այն մամուլը, որը ամեն օր գրանցում է այդ կյանքի պատմությունը։