Լեւոն Լաճիկյանի Պոլսապատումը

  • by Editbeglari, 28 Մայիսի, 2026 in Լուրեր
124 դիտում

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության սրահում օրերս բացված «Պոլիսն իմ աչքերով» ցուցահանդեսը վերածվեց երևանյան մշակութային կյանքի ուշագրավ իրադարձության։

Արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի 21-րդ անհատական ցուցահանդեսը ներկայացնում է վերջին տարիներին ստեղծված ավելի քան 50 աշխատանքներ՝ նվիրված Կ․Պոլսի հայկական պատմական ժառանգությանը։ Գծանկարներում և գեղանկարներում պատկերված են քաղաքի հին թաղամասերը, եկեղեցիները, Բոսֆորի ափերը, ինչպես նաև հայկական ներկայության հետքերը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀԲԸՄ 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Բացման ընթացքում ընդգծվեց կազմակերպության պատմական առաքելությունը՝ կապված Պոլսում և տարածաշրջանում հայ համայնքների աջակցման հետ։

Ցուցադրության շրջանակում Լևոն Լաճիկյանը հանդես եկավ նաև բանախոսությամբ՝ անդրադառնալով Պոլսի՝ որպես հայկական մշակութային կենտրոնի դերին և քաղաքի պատմության մեջ հայերի ներդրմանը։

Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց արվեստագետների և մտավորականների շրջանում՝ վերածվելով հիշողության, արվեստի և քաղաքային ինքնության յուրահատուկ հանդիպման։