Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից տարհանվել է 429 մարդ

  • by Western Armenia, 30 Մայիսի, 2024 in Հասարակություն
39 դիտում

Մայիսի 29-ին՝ ժամը 7։30-ից, փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։ Այս մասին հաղորդում է Ներքին Գործերի Նախարարությունը։

«Ըստ օպերատիվ դրության՝ որոնողա-փրկարարական և անհետաձգելի վթարա֊վերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:

Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դի (Ավագ Ավագյան, ծնված 1948թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․):

Ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է Թեժ գիծ»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում: