Լույս է տեսել պ․գ․թ․, Արմինե Տիգրանյանի «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Բաքվի քաղաքականությունը (2020-2025 թթ․)» ուսումնասիրությունը

  • by Editbeglari, 19 Մայիսի, 2026 in Լուրեր
139 դիտում

Սույն ուսումնասիրությամբ հեղինակն անդրադարձել է 2020-2025 թթ․ Բաքվի սանձազերծած պատերազմների, էթնիկ զտման և ռասայական խտրականության հետևանքով Արցախի պատմական հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման և յուրացման քաղաքականությանը, մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության գործիքակազմին։

Մենագրության մեջ քննվում են զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային համակարգը, Բաքվի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի հայկական մշակութային ժառանգության՝ միջազգային սկզբունքների դիտանկյունից անօրինական թիրախավորման դեպքերը, դրա ոչնչացման և յուրացման միջոցները: Ներկայացվում են մշակութային արժեքների պաշտպանության միջազգային կանոնակարգերը, իրավական և հումանիտար գործիքակազմը (միջազգային կոնվենցիաներ, հռչակագրեր, բանաձևեր, կանոնադրություններ, սովորութային նորմեր)՝ ի պաշտպանություն Բաքվի կողմից վանդալիզմի ենթարկված Արցախի հայկական մշակութային ժառանգության։ Ակադեմիական հոդվածների, գրքերի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, ԻԿՕՄՕՍ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի բանաձևերի, Հռոմի կանոնադրության, տեսական և իրավական համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել գտնելու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության ուղիները՝ համամարդկային արժեքների պահպանության կարևորության, անկախ քաղաքական իրավիճակից միջազգային հումանիտար իրավունքի գործարկման, մշակույթի իրավունքի հարգման շարակարգում։

Նախատեսված է մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագետների, պետական կառույցների, գիտական հաստատությունների, ուսանողների և արցախահայության մշակութային ժառանգության պաշտպանությամբ ու պահպանությամբ մտահոգ ընթերցողների լայն շրջանակի համար։

Մենագրությունը լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության կողմից։