Արցախից տեղահանված 52-ամյա Գայանե Միրզոյանն ամուսնու հետ արդեն չորս ամիս ապրում է Երևանի կիսաքանդ մանկապարտեզի շենքում, որտեղ չկա ջուր, հոսանք և անգամ լոգարան։ Կինը տեղաշարժվում է անվասայլակով․ ցրտահարության հետևանքով նրա ոտքերը անդամահատվել են։
Մինչև պետության կողմից վարձավճարի աջակցության դադարեցումը ընտանիքը բնակվում էր վարձով։ Գումարի բացակայության պատճառով նրանք հայտնվել են փողոցում, ապա՝ աղբատարին կից նկուղում, որտեղ Գայանեի ոտքերը ցրտահարվել են։
Այժմ նա չունի հաշմանդամության կարգ, թոշակ կամ պետական որևէ աջակցություն։ Չնայած պրոթեզավորման և նպաստի հնարավորության մասին տեղեկություններին՝ Գայանեն չգիտի, թե ինչպես կարող է ստանալ այդ աջակցությունը և շարունակում է ապրել անմարդկային պայմաններում։
