Կոստանդնուպոլսի Յեշիլքյոյ թաղամասում հանդիսավորությամբ նշվել են Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու 200-ամյակը և Յեշիլքյոյի հայկական դպրոցի 70-ամյակը։
Միջոցառմանը մասնակցել են Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, հոգևորականներ, եկեղեցու հիմնադրամի և դպրոցի ներկայացուցիչներ, աշակերտներ ու հյուրեր։
Հոբելյանի առիթով եկեղեցու բակում բացվել է Հայաստանում պատրաստված խաչքար՝ քանդակագործ Արտակ Համբարձումյանի հեղինակությամբ։ Այն խորհրդանշում է համայնքի միասնությունն ու համերաշխությունը։
Տոնական երեկոյի ընթացքում հնչել են Սուրբ Ներսես Շնորհալու, Ֆրանց Շուբերտի և Կոմիտասի ստեղծագործությունները։ Երաժշտական կատարումներով հանդես են եկել դուդուկահար Գագիկ Գասպարյանը, մեցցո-սոպրանո Լեռնա Բալօղլու Աքբուլութը և սարկավագ Էդվին Գալիփյանը։
