Հայի արմատներով, ֆրանսիական հոգով․ Անրի Թրուայա

  • by WesternArmenia, 02 Նոյեմբերի, 2026 in Լուրեր
507 դիտում

Ֆրանսիացի ականավոր գրող, կենսագիր և պատմաբան Անրի Թրուայան, որի ծննդյան օրը նոյեմբերի 1-ն է, իր հարուստ ստեղծագործությամբ նշանակալի հետք է թողել համաշխարհային գրականության մեջ՝ միավորելով ֆրանսիական մշակույթը, ռուս գրականությունն ու հայկական արմատները։

1911 թվականին Մոսկվայում՝ Թորոսյանների ընտանիքում ծնված գրողը մանկության տարիներին ականատես է եղել Հոկտեմբերյան հեղափոխության իրադարձություններին։ Ընտանիքի գաղթի ճանապարհը Նովոռոսիյսկով և Կոստանդնուպոլսով հասել է Ֆրանսիա, որտեղ Թրուայան հետագայում ձևավորվել է որպես ֆրանսալեզու գրող։ 1938 թվականին իր առաջին՝ «Սարդը» վեպի համար նա արժանացել է Գոնկուրյան մրցանակի, իսկ 1959 թվականին ընտրվել Ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Ավելի քան հարյուր հատոր ընդգրկող նրա գրական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ ունեն ռուս գրականության մեծերին՝ Պուշկինին, Դոստոևսկուն, Տոլստոյին, Չեխովին և Գոգոլին, ինչպես նաև ռուս միապետներին նվիրված կենսագրական աշխատությունները։

Չնայած Ֆրանսիայում հաստատվելուն՝ Թրուայան երբեք չի մոռացել իր հայկական ծագումը։ Նա իր ստեղծագործություններում անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, Հայերի  ցեղասպանությանը և գաղթի ճակատագրին։ Նրա աջակցությամբ է նաև Անրի Վերնոյը ձեռնամուխ եղել իր ընտանեկան հիշողությունները գրի առնելու գործին, ինչի արդյունքում ծնվել է «Մայրիկ» գիրքը, որը հետագայում հիմք է դարձել համանուն ֆիլմի համար։

Անրի Թրուայան մահացել է 2007 թվականին՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն և իր անունը գրելով ֆրանսիական ու հայկական մշակույթների պատմության մեջ։