Հայկական ինքնություն․Լոմեր (Մաս երկրորդ)

  • by Western Armenia, 30 Մարտի, 2023 in Հասարակություն
296 դիտում

Բոշաների կամ լոմերի ինքնակազմակերպումը Արևմտյան Հայաստանում

 Ուշագրավ է, որ վերջին տարիներին նկատելի է բոշաների ինքնակազմակերպում  Արևմտյան Հայաստանում: Այսպես՝ 2009 թ. Արդվին նահանգի Խոփա քաղաքում բոշաները ստեղծել են Lom-Der միությունը, որը գոյատևել է մինչև 2015 թ.: Միության հիմնադիրները համշենահայ հետազոտող Ջեմիլ Աքսուին տված հարցազրույցում նշում էին, թե կազմակերպության նպատակը անհետանալ սկսող իրենց մշակույթի ուսումնասիրությունն ու պահպանումն է, սակայն լոմ բառը չէին ընդունում որպես էթնիկ ինքնության անվանում, այլ այն բնորոշում էին որպես «կենսակերպ և մշակույթ»:

Ի դեպ` 2015 թ. նմանատիպ միություն են ստեղծել նաև Չանքըրըի բոշաները, որոնք, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝  դեռ շարունակում են հայերենն օգտագործել որպես գաղտնալեզու: Չանքըրըի կենտրոնական գավառին ենթակա Միմարսինան թաղամասում մոտ 2000 բոշաներ են ապրում, որոնց շուրջ 70 տոկոսը կարողանում է հաղորդակցվել լոմավրենով: Չանքըրըի բոշաների միության նախագահ Դուրմուշ Գյորմեզը թուրքական մամուլին տված հարցազրույցում հայտնել էր, որ կազմակերպությունը 437 անդամ ունի: Թերևս դրանով է պայմանավորված այն փաստը, որ Չանքըրըի բոշաների խնդիրը վերջին շրջանում առանձնահատուկ ուշադրության է արժանացել թուրք ուսումնասիրողների կողմից, ովքեր, հիմնվելով տեղի բոշաների հետ իրենց ունեցած զրույցների և հանդիպումների վրա, անգամ փորձում են լոմերին օղուզական ծագում վերագրել և իրենց հոդվածներում շեշտում, թե այդ կողմերի բոշաներն իրենց թուրք և մուսուլման են համարում:

Lom-Der կազմակերպության նպատակն է եղել լոմերի մշակույթն ուսումնասիրելն ու պահպանելը, չքավոր ընտանիքների երիտասարդներին կրթաթոշակով ապահովելը, փոքրահասակ աղջիկների վաղ ամուսնությունները կանխելը, կանանց սոցիալական կյանքում ներգրավելը, բոշաների հանդեպ ցուցաբերվող էթնիկ խտրականությունն արգելելը, իրենց ազգակիցներին, հատկապես` երիտասարդներին աշխատանքով ապահովելը, թուրք հասարակության մեջ նրանց ներգրավումը խրախուսելը և բոշաների մասին վավերագրական ֆիլմեր նկարահանելը: Միությունը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել այդ 6 տարիների ընթացքում: Մասնավորապես՝ կարողացել է վճարել որոշ լոմ ուսանողների ուսման վարձերը և աշխատանքով ապահովել մի շարք երիտասարդների: Միությունը նաև երբեմն փորձել է միջամտել այն դեպքերին, երբ բոշաները ենթարկվել են էթնիկ խտրականության: Անդրադառնալով շուրջ 65 անդամ ունեցած Lom-Der միության փակվելու պատճառներին` նշենք, որ կազմակերպության գործունեության դադարեցման պատճառներից մեկը եղել է նյութական միջոցների պակասը. անդամների մեծ մասը չքավոր է եղել, միությունը նյութական միջոցների սղության պատճառով առանձնապես չի կարողացել իր հիմնական գործառույթներն իրականացնել, դրա համար էլ շատերը հիասթափվել են:  Ըստ  Western Armenia tv-ի աղբյուրների արդեն իսկ տեղի լոմերը վախենում էին միությանն անդամագրվելուց` ցանկանալով թաքցնել իրենց ծագումը: 

Ընդհանուր առմամբ բոշաները կազմում են Արդվին նահանգի բնակչության 10 տոկոսը:

Այնուամենայնիվ հարկ է նշել, որ մեր դիտարկմամբ` վերջերս Արևմտյան Հայաստանում  բոշաների կողմից հիմնված նմանատիպ միությունների նպատակը ոչ այնքան ինքնության և մշակույթի պահպանումն է, որքան ազգակիցների մեկտեղումը մեկ տանիքի ներքո: Դրա պատճառներից մեկը կարող է լինել այն, որ վերջերս, նախքան 2016-ի հուլիսի հեղաշրջման փորձը օկուպացված Արևմտյան Հայաստանը փոքրամասնությունների շրջանում սկսել էր տարածում գտնել նման միություններ հիմնելու միտում: Հավանական է նաև, որ այս միությունների ստեղծումը խրախուսվում էր թուրքական կառավարություն կողմից` այդ կերպ փոքրամասնությունների գործունեությունը վերահսկողության տակ վերցնելու նկատառմամբ:

Շարունակելի․․․

Աշխեն Վիրաբյան, Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան