Հայկական ինքնություն․ Իսլամացված Հայ կանայք (Մաս վեցերորդ)

  • by Western Armenia, 12 Ապրիլի, 2023 in Հասարակություն
263 դիտում
https://lh3.googleusercontent.com/Pt2v2HUD1xfFtcUsNDIs7bRrhQmGS0GgCRwXTEP-4tgFcKpPO0kc-EX4sw6PmzyZTBXWgxt9v7_033ouDVSC5RWUKSoqCzMDZUghFXAtsI6lXpZhJKsZnTqf90sCAHoiWx87qHTQBDBDU1Vt6AQfsSM

Իսլամացված հայ կանանց թեմայով գրված ստեղծագործությունների շարքին է դասվում Գյուլչիչեք Գյունել Թեքինի «Սև պատանք» փաստագրական գիրքը, որտեղ հեղինակը հավաքել է իսլամացված մի քանի հայ կանանց պատմություններ: Գրքի ենթավերնագիրն արդեն խոսուն է. «Իսլամացված հայ կանանց դրաման»: Գրքում առկա մի քանի պատմություններն ունեն որոշակի ընդհանրություններ, որոնք բնորոշ են թեմատիկային, ուստի կցանկանայինք անդրադառնալ այդ պատմություններից մի քանիսին: Հատկապես ուշագրավ է Խարբերդի Քուլվենք գյուղից Վարթեր Թումաջանյանի պատմությունը. ցեղասպանությունից կարճ ժամանակ առաջ Վարթերի ավագ եղբայրը փախչում է Ռուսաստան այնտեղից էլ Ամերիկա, իսկ Վարթերի ամբողջ ընտանիքը, ինչպես նաև նրանց քարավանը կոտորվում է Հիզոլ կոչված գետի մոտ: Աքսորի ժամանակ Վարթերին փախցնում և մահից փրկում է դերսիմցի Ջաֆեր Թան անունով քուրդ զինվորը, որը լինում է հայերի քարավաններն ուղեկցողների շարքում: Ջաֆեր Թանն ամուսնանում է Վարթերի հետ, փոխում նրա կրոնը, անունն էլ դարձնում է Զեյնեփ: 

Ուշագրավ է հատկապես այն, որ որոշ ժամանակ անց Վարթերը և նրա ամուսինը, բնակություն են հաստատում ցեղասպանությունից առաջ բավական բարեկեցիկ կենցաղ ունեցող Վարթերի հայրական տանը, տեր կանգնում այգուն, դաշտին, քանի որ Վարթերը մնացել էր Թումաջանյանների ընտանիքի միակ օրինական ժառանգը: 

Սակայն իսլամացված Վարթերի համար հարազատ գյուղ և տուն վերադառնալն ու ապրելը եղել է փոքրիկ սփոփանք և, միևնույն ժամանակ, տանջանք, ինչը ստեղծված պայմաններում ավելի նախընտրելի է եղել: Մի կողմից` այդ ամենը նրան շարունակ հիշեցրել է կորցրած ընտանքիքի մասին, սակայն, մյուս կողմից, նրան կարոտն առնելու հնարավորություն տվել: Այս մասին հետագայում նա ասել է աղջկան` Շիրին Թանին. «Ամեն դաշտում, ամեն ծառի տակ, ամեն աղբյուրում, ամեն առվակում մորս, հորս, եղբայրներիս հետքը կար: Ամեն անգամ տուն մտնելիս պատկերացնում էի մորս, հորս, եղբայրներիս: Կարծես նրանց տեսնում էի, կարծես ձայներն ականջներիս ձայն էին տալիս»: Սակայն որոշ ժամանակ անց, երբ ստիպված են լինում լքել Վարթերի հայրական գյուղը և տունը, նա ապրում է երկրորդ տրավման: Ինչպես այլ հերոսներ, Վարթերը նույնպես կապ է պահպանել ճակատագրակից հայուհիների հետ, և անշուշտ, նրանց միավորողն իրենց անցյալի և ապրած սարսափների հետ կապված հիշողություններն էին: Ինչպես նշում է Շիրին Թանը, մայրը մտերիմ է եղել կրկին իսլամացված հայուհի Մելեքի հետ. «Երբեմն-երբեմն զրուցելիս նրանք լալիս էին: Մեկ օր անգամ մտքներովս չանցավ հարցնել, թե ինչո՞ւ էին լալիս»: Վարթեր Թանը, թեկուզ գաղտնի, ձգտել է պահպանել հայկական քրիստոնեական որոշ սովորույթների տարրեր` դրանք թաքցնելով անգամ երեխաներից և ամուսնուց: Այդպիսի մի սովորույթի տարրերից է եղել հաց թխելիս խմորի վրա խաչի գաղտնի նշան անելը: Սակայն մի օր ամուսինը, պատահաբար տեսնելով դա, բարկացել է և ծեծել նրան` ասելով. «Հայի աղջիկ, տարիներ անցան, սակայն դու դեռ քո հայությունից չես հրաժարվել»։ 

Տարիներ անց` 1955 թ., ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում հաստատված Վարթերի եղբայրը գտնում է քրոջ հետքը և նրան նամակ ուղարկում: Այդ նամակները ևս Վարթերի համար դառնում են թանկարժեք իրեր, «անասելի երջանկության աղբյուր» և իր նախկին ընտանիքի հետ կապող բարակ կամուրջ: Նրանց մեջ սկսվում է նամակագրություն և Վարթերի եղբայրը նրան հրավիրում է ԱՄՆ` հույս հայտնելով մինչև մահը հանդիպել. «Քո բոլոր ծախսերը ես կհոգամ, միայն թե դու արի, մինչև մահանալս թեկուզ մեկ անգամ քեզ տեսնեմ», — գրում է եղբայրը: Սակայն Վարթերի ամուսինը կտրուկ դեմ է լինում ԱՄՆ այցելելու խնդրին և արգելում նրան: Սա Վարթերի համար լինում է ևս մեկ լուրջ տրավմա, որը կրկին թարմացնում է նրա նախկին տրավմաները: Ամուսինը, ըստ երևույթին, վախենում էր, որ այցելելով ԱՄՆ և վերագտնելով իր հարազատներին` Վարթերը այլևս չէր վերադառնա : Ինչևէ, որոշ ժամանակ անց Վարթերի եղբայրը մահանում է, իսկ նրա ընտանիքի հետ կապը ընդհատվում է:

Վարթերի այս միայնակ, չհասկացված և իր ստեղծած ներքին աշխարհում փակված մնալը տարիներ հետո պետք է ցավ պատճառեին նրա զավակներին, որոնք խղճի խայթ են զգում նրան չհասկանալու, հոգսակից չլինելու, ցավերը չկիսելու համար: Ինչպես ասում է նրա դուստր Շիրինը. «Մենք նրան երբեք չկարողացանք հասկանալ, երբեք չկարողացանք ցավերը կիսել: Մայրս միշտ միայնակ էր և տառապում էր, և ոչ մեկն էլ նրա ցավով չէր հետաքրքրվում»: Ինքը` Վարթերը, կյանքի վերջում, որպես իր տառապանքների վկայություն, ասել և մահից առաջ իր երեխաներից խստորեն պահանջել է հետևյալը. «Ես օր ու արև չեմ ունեցել, իմ օրերը սև էին: Անընդհատ ցավեր եմ ապրել, կյանքս սև է եղել: Երբ մեռնեմ, իմ պատանքն էլ թող սև լինի: Գերեզմանս էլ չսարքեք, թող հարթ հող լինի»: Սև պատանքը, որը դարձել է նաև գրքի վերնագիր, խորհրդանշում է ոչ միայն Վարթերի, այլև նման ճակատագիր ունեցող իսլամացված շատ հայուհիների կյանքը։

Շարունակելի․․․

Աշխեն Վիրաբյան

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան