Հայկական ինքնություն․ Հայ որբեր (Մաս երրորդ )

  • by Western Armenia, 18 Ապրիլի, 2023 in Հասարակություն
233 դիտում

Արևմտյան Հայաստանի որբերի էվակուացիան ապահովելու էր երեխաների հետագա ֆիզիկական անվտանգության, կեցության և ազգային դաստիարակության հարցը: Ըստ էության տարհանվում էին այն որբերը, որոնց զինադադարից հետո հավաքագրել էին անմարդաբնակ վայրերից (անապատներից, անտառներից), փողոցներից, որտեղ նրանք զբաղվում էին մուրացկանությամբ, մահմեդական ընտանիքներից և թուրքական պետական որբանոցներից, Կարմիր խաչի, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցները և հայ եկեղեցու ու հայկական բարեգործական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող հայ որբահավաքները: Հայ որբերի դուրսբերումը Արևմտյան Հայաստան իրականացվելու էր Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի ֆինանսական օժանդակության շնորհիվ: Իր հուշերում շվեյցարացի միսիոներ Յա. Քյունցլերը գրում է. «Ամերիկացիները 1919 թվին ողջ թուրքական իշխանության աքսորի ժամանակ թուրքական, քրդական և արաբական տներ տարված՝ ավելի քան տաս հազար որբ երեխաներ էին հավաքել, որոնք աքսորի ժամանակ տարվել էին թուրքերի, քրդերի և արաբների տները: Քանի որ շարունակ ուժեղացող քեմալական կառավարությունը ամերիկացիների համար շատ տեղերում ամենուր դժվարություններ էր հարուցում, նրանց վերահսկում էր, նրանցից օգնություն էր պահանջում նաև մուսուլման որբերին օժանդակելու համար, որոնք օկուպացված Արևմտյան Հայաստանում ևս մեծ քանակությամբ կային, մինչդեռ նրանց համար հատկացվող գումարներն այլևս հնարավոր չէր լինում վերահսկել, «Օգնության …» ընկերությունը որոշեց իր հայ որբերին մի ոչ թուրքական երկիր տեղափոխել: Այդ ժամանակ Արևմտյան Ահայաստանի համար, որպես հանգրվան ընտրվեց Լիբանանը»:

Ի դեպ, պահպանվել է եզակի տեսաժապավեն, որտեղ ցուցադրվում է Օսմանյան կայսրությունից հայ որբերի էվակուացիան՝ 33 վայրկյան տևողությամբ:

Հայ երեխաների տարհանման դրվագներից է նաև 1921 թ. դեկտեմբերին Բասրայի նահանգի Նահր էլ Օման ավանի հայկական գաղթակայանից 816 հայ որբ նավով փոխադրումը Երուսաղեմ , որտեղ նրանց դիմավորեցին Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը, ազգային գործիչներ և մեծ թվով տեղացի հայեր:

1922 թ. Արևմտյան Հայաստանից տարհանվեցին ոչ միայն հայ, այլև մեծ թվով հույն որբեր, որոնք նույնպես գտնվում էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի խնամակալության տակ: Շուրջ 5000 հույն, նաև հայ որբեր Զմյուռնիայի աղետի ժամանակ տարհանվեցին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակից Սառա Քորնինգի ջանքերով:

 Արևմտյան Հայաստանի հարավային և հարավ-արևելյան շրջաններից (Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Խարբերդից, Ակնից և Մալաթիայից) հայ որբերի տարհանման պատասխանտուներ նշանակվեցին Յակոբ Քյունցլերը և նրա կինը՝ Էլիզաբեթը, ովքեր 1922 թ.-ից աշխատում էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի Ուրֆայի մասնաճյուղում և զբաղվում այդ կազմակերպության կողմից հավաքված հայ որբերի խնամքով: Նրանց թեկնածության ընտրությունը պայմանավորված էր վերջիններիս՝ տարածքի և թուրքերենի փայլուն իմացությամբ: Այս կապակցությամբ Քյունցլերը նշում է. 

«Քանի որ ես և իմ կինը մեր լեզվական գիտելիքների և տեղանքի ճանաչողության պատճառով այդ աշխատանքի համար ավելի նպատակահարմար էինք, քան որևէ մեկը ամերիկյան «Օգնության…» աշխատակիցներից, որոնց մեծ մասը կարճ ժամանակով էին եղել երկրում, մեզ երկուսիս հանձնարարվեց Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Դիրաբեքիրից, Խարբերդից, Ակնից, Արաբկիրից և Մալաթիայից շուրջ 8 000 երեխաների տեղափոխման գործը, մի աշխատանք, որը մեզ այնքան մեծ ուրախություն պատճառեց, որ մենք մեր կյանքի այս հատվածը կարող ենք լավագույններից մեկը համարել»:

Բացի այդ տարածքի մահմեդական բնակչությունը ճանաչում էր Քյունցլերին, ինչի շնորհիվ կանխվեց որբերի քարավանի թալանը, կոտորածը: Հարկ է նշել, որ Քյունցլերի անձնական հեղինակության շնորհիվ ապահովվեց երեխաների ֆիզիկական անվտանգությունը նրանց տարհանման ժամանակ:

Որբանոցներում ապաստանած հազարավոր երեխաներին հարյուրավոր կիլոմետրեր տեղափոխելը լուրջ խնդիրներ էր հարուցում, ուստի որոշվեց շուրջ 8 000 որբերի տարհանումն իրականացնել փուլ առ փուլ՝ նրանց բաժանելով խմբերի:

Ինչպես իր հուշերում վկայում է Յա. Քյունցլերի դուստրը՝ Իդա Ալամեդդինը, հայրը ծրագրել էր հայ երեխաներին Արևմտյան Հայաստանից  դուրս բերել դեռ 1915 թ., երբ նա դարձավ Ուրֆայի հայության սարսափելի կոտորածների ականատես, սակայն այդ ցանկությունը կարողացավ իրագործել միայն 1922 թ.:

Երեխաների տեղափոխությունը մեծ ցնծություն առաջացրեց որբերի շրջանում, «քանի որ ի՜նչ հաճոյքով պիտի հեռանային նրանք մի երկրից, ուր մահուան և կործանումի վտանգը կար շարունակ»: Յուրաքանչյուր քարավանի մեկնումը վերածվում էր մի զվարճալի հանդիսության: Երեխաներն իրենց քարավանի ավանակներին զարդարում էին դրոշակներով և զանգակներով, իսկ նրանց ճանապարհող մահմեդական կանայք՝ իրենց սովորության համաձայն, մեկնող երեխաների հետևից բացականչում էին «լի-լի-լի-լի¯»: Իր հուշերոմ Քյուցլերը վկայում է, որ «լի-լի-լի-լի¯»-ն ոչ միայն ուրախության բարձրակոչ էր, այլև՝ ռազմակոչ, քանի որ «նրանք ՝մահմեդական կանայք այդ «լի-լի-լի-լի¯»-ն էին աղաղակել նույն այդ երեխաների ծնողների յետևից, երբ նրանց տանում էին ջարդելու»:

Առաջին տարհանումն իրականացվեց 1922 թ. մարտի վերջին Ուրֆայից: Երբեմնի հայաշատ քաղաքում և նրա շրջակայքի որբանոցներում ապաստանել էին մոտ հազարի հասնող հայ որբեր, որոնք բերվել էին ինչպես Ուրֆայից և նրա հարակից շրջաններից, այնպես էլ կայսրության ամենահեռավոր բնակավայրերից: Այդ երեխաներից կազմված առաջին խումբը՝ մոտավորապես 130 հայ որբ, Յա. Քյունցլերի առաջնորդությամբ 10 օր հետիոտն անցան Ուրֆայից մինչև Հալեպ՝ մոտ 90 կմ ճանապարհ: Որբերի տարհանման գործողությունը Յա. Քյունցլերը ներկայացրել է իր «Երեսուն տարի ծառայութիւն Արեւէլքի մէջ» հուշերում՝ «Որբերի մեծ ելքը երկրից» գլխում: Ուրֆայի Թուրքական կոտորածների ականատես շվեյցարացի հայասերը հայ որբերի տարհանումը Արևմտյան Հայաստանից համեմատում էր հրեաների՝ եգիպտական գերությունից ազատագրվելու աստվածաշնչյան դրվագի հետ: Նա գրում է. 

«Ես հոգեպարար բաւականութիւն էի զգում՝ երեխաների ծիծաղը լսելով և նրանց զուարթ դէմքները տեսնելով: Նրանք կարծես՝ եգիպտական գերութիւնից ազատուած՝ Քանանի երկիր էին չւում»:

Տարհանվող առաջին խմբի երեխաները ստիպված էին հաղթահարել տասնյակ կիլոմետրեր դժվարին ճանապարհ՝ եղանակային անբարենպաստ պայմաններում, ինչի հետևանքով նրանց մեծ մասը վարակվեց այդ ժամանակ տարածված գրիպի համաճարակով: Բացի այդ, նրանք հանդերձավորված չէին ցուրտ եղանակային պայմաններին համապատասխան: Որբերի մեծ մասը տեղափոխման ճանապարհը հաղթահարում էր ոտքով, առավել տկարները և մանկահասակները՝ սայլերով:

Երեխաների առաջին խմբի հետիոտն տեղափոխման դժվարությունները տարհանումը կազմակերպողներին ստիպեցին հաջորդ խմբերի որբերի տեղափոխումն իրականացնել միայն սայլերով և ավանակներով, ինչը հնարավորություն տվեց փոխադրել միաժամանակ ավելի մեծ խմբով երեխաներ:

Արևմտյան Հայաստանից տարհանվող յորաքանչյուր երեխայի տվյալներն արձանագրվում էին Քյունցլերի կողմից կազմված ցուցակներում, որոնք ստուգվում էին թուրքական ոստիկանական անցագրակետերում: Ցուցակների մանրակրկիտ ստուգումը թուրքական իշխանությունների կողմից կատարվում էր այն պատճառաբանությամբ, որ զինվորական տարիքի ոչ մի հպատակ իրավունք չունի լքել երկիրը: Ի. Ալամեդդինն այս կապակցությամբ իր հուշերում գրում է. «Մեծ արտագաղթը սկսաւ 1922ի գարնան սկիզբը: Ընդհանուր արտոնութիւնը եկավ Անգարայէն: Բայց իւրաքանչիւր խումբին համար պէտք էր արտօնութիւն առնուէր շրջանային իշխանութիւններէն. եւ որպեսզի ըլլար այդ արտօնութիւնը ստանալ, ցանկերը պէտք է պատրուաստուէին զգուշօրէն, տալով իւրաքանչիւր երեխայի տարիքն ու անունը: Պէյրութ գտնուող օգնութեան մարմնի գլխաւորները ի յառաջագունէ կարծած էին, որ երեխաները Ուրֆայէն մինչև Ճարապլուս սահմանային քաղաքը, 90 քիլոմեթր ճամբան, հետիոտն պիտի կտրէին: Ուրկէ ասդին՝ շոգեկառքով, Հալէպէն մինչև Պէյրութ: Մօտաւորապէս հազար որբեր կ’ապրէին Ուրֆայի եւ շրջակայքի որբանոցներու և ժամանակաւոր քէմփերու մէջ: Անոնք առաջին մեկնողները պիտի ըլլային»:

Յա. Քյունցլերին այս դժվարին գործում մեծապես օգնում էր նրա կինը՝ Էլիզաբեթը, որը ղեկավարում էր Ուրֆայում ապաստանած հայ որբերի երկրորդ խմբի տարհանումը: 

Որբերի ամենաստվար խումբը՝ 5000 երեխա, 1922 թ. ապրիլին տեղափոխվեց Խարբերդից և հարակից շրջաններից: Որբերի այս մեծաքանակ խմբի տեղափոխման ընթացքում Յակոբ և Էլիզաբեթը Քյուցլերները ծրագրեցին, որ 10-ական հոգուց բաղկացած յուրաքանչյուր խմբի ուղեկցի մեկ չափահաս որբ: Այս կերպ միաժամանակ լուծվում էր երկու խնդիր.

1. Կազմակերպվում էր մանկահասակ որբերի անվտանգ տեղափոխումը՝ ավելի չափահաս որբերի հսկողության ներքո
2. Իրականացվում էր զինապարտ տարիքի թուրքահպատակ երիտասարդ հայ որբերի դուրսբերում Արևմտյան Հայստանից, ինչը, ինչպես արդեն վերը նշվել է, փաստացի հնարավոր չէր տվյալ ժամանակահատվածում:

Այս խմբի երեխաների մեծ մասին տեղափոխեցին սայլերով Խարբերդ-Դիրաբեքիր- Ճերապլուս, իսկ մյուսներին՝ ջորիներով, Խարբերդ-Մալաթիա-Ճերապլուս ուղղություններով:

Հայերի ցեղասպանության վերապրող, Խարբերդի ամերիկյան որբանոցի սան Արամ Թորիկյանը, ով Օսմանյան կասյրությունից տարհանված հազարավոր երեխաներից մեկն էր, իր հուշերում գրում է. «1922 թ. ամերիկացիները Խարբերդի որբանոցը տեղափոխեցին Հալեպ: Տղաները ձիերով, Մալաթիայի ճանապարհով գնում էին Հալեպ, իսկ աղջիկները՝ կառքերով՝ Տիգրանակերտի ճանապարհով: Մենք՝ տղաներս, դժվարին պայմաններում գնացինք Մալաթիա, դեպի այնտեղից ալ Հալեպ»:

Հայ որբերի տեղափոխումը Խարբերդից ուներ իր դրական և բացասական հետևանքները: Բացասական հետևանքներից կարելի է առանձնացնել ստորև նշված խնդիրները.

1. Երեխաների մեծ թվաքանակը դժվարացնում էր Խարբեդից Հալեպ երկարուձիգ՝ 10 օրվա ճանապարհը

2. Լուրջ խնդիրներ էր հարուցում նաև մեծ թվով երեխաների անվտանգ տեղափումը:

Սակայն մյուս հետևանքը՝ Խարբերդի վիլայեթից երեխաների մեծ խմբերի տեղափոխումը, պայմանավորված էր հետևյալ նկատառումներով. նախ տնտեսվում էին դրամական միջոցները, ապա՝ անցագրակետերում խնայվում էր ահագին ժամանակ: Այս կապակցությամբ Յա. Քյունցլերն իր հուշերում գրում է. «Ինձ համար կարևոր էր որքա´ն կարելի է մեծ խմբեր միանուագ փոխադրել Խարբերդից, որովհետև ստիպուած էի լինում ամեն մի խումբ առանձին ճամբելիս՝ կառավարական պաշտօնեաների իմացնել մեկնումի մասին, որպեսզի նրանք էլ ապա գային ստուգումի: Պէտք էր նրանցից յուրաքանչիւրի յետևիցն երթալ ինքնաշարժով ու բերել մեկնող որբերի կեցած տեղը: Նրանք մէկիկ-մէկիկ զննում էին որբերի դէմքերը: Մեկնողների մէջ չպետք է լինէր զինուորական տարիքի հասած որևիցէ պատանի: Այս տեսակ մանրակրկիտ ստուգում, սկսուելով առաւօտեան, շատ երկար էր տևում, այնպէս որ մենք հազիւ իրիկունը կարողանւմ էինք ճամբայ ընկնել: Ապա՝ քաղաքից դուրս էլ, 2-3 ժամ անդին, նորից էր ստուգում կատարվում ոստիկանութեան կողմից և ես հարկադրուած էի լինում նորից մէկիկ-մէկիկ ժողովել կառավարութեան մարդկանց ու բերել, հարկաւ՝ դարձեալ ինքանաշարժով»:

Այսպիսով, 1922 թ. սեպտեմբերին hայ որբերի տարհանումը Արևմտյան Հայաստանից  ավարտվեց: Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի հատկացրած միջոցներով որբերին տեղափոխելու համար վարձակալվեց 130 կառք և մոտ 200 գրաստ: Ըստ Յա. Քյունցլերի կազմած վիճակագրության՝ ընդհանուր առմամբ տարհանվեց շուրջ 8000 հայ երեխա, որոնց տեղաբախշեցին Սիրայի և Լիբանանի որբանոցներում: Ի դեպ, տարհանված երեխաների մի ստվար խումբ՝ տարբեր տարիքի շուրջ 1500 հայ աղջիկներ, տեղաբախշվեցին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի Ղազիրի որբանոցում, որի ղեկավարությունը ստանձնեց Յա. Քյունցլերը:

Ըստ Ջ. Բարտոնի տվյալների՝ 1922-23 թթ.՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործուն աշխատանքների շնորհիվ, մոտավոր հաշվարկով Արևմտյան Հայաստանից Սիրիա, Լիբանան և Հունաստան էվակուացվեցին մոտ 30.000 հայ և հույն որբ, որից 12.000 հայ երեխա՝ կայսրության միայն հարավային, հարավարևելյան շրջաններից:

Յա. Քյունցլերի կողմից տարհանված 8.000 հայ երեխաները, որոնք ըստ էության փրկվեցին վերահաս ֆիզիկական բնաջնջումից, իրենց հետևում թողնելով պատմական հայրենիքը՝ հայտնվեցին նոր երկրում և բոլորովին նոր միջավայրում՝ ստանալով նոր կյանք սկսելու հնարավորություն:

Շարունակելի․․․

Աշխեն Վիրաբյան, Western Armenia TV-ի լրագրող-վերլուծաբան