Մոսկվայում լույս է տեսել «Հայկական մոտիվներ» երկհատորյակի առաջին հատորը, որն ընդգրկում է տարբեր երկրներում բնակվող ժամանակակից ռուսալեզու հեղինակների արձակ ստեղծագործությունները։
Ժողովածուն ստեղծվել է համանուն միջազգային գրական մրցույթի շրջանակում։ Մրցույթի մասնակիցներին միավորել է Հայաստանի և հայ ժողովրդի բազմադարյա պատմության, մշակույթի և հոգևոր ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը։
Առաջին հատորում ներկայացված ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ինքնության, պատմական հիշողության, արմատների, հայրենիքի և սերունդների միջև կապի թեմաները։ Հեղինակներն անդրադառնում են նաև գոյատևման պայքարին, աքսորի և գերության ընտանեկան պատմություններին, Հայաստանին ու Արցախին, ինչպես նաև տարբեր ժողովուրդների պատմական առնչություններին։
Նախատեսվում է նաև երկրորդ հատորի հրատարակությունը, որտեղ կընդգրկվեն Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իսրայելի և Ղազախստանի հեղինակների՝ Հայաստանին, նրա պատմությանը, մշակույթին, բնությանը և հայ ժողովրդի ճակատագրին նվիրված բանաստեղծությունները։
«Հայկական մոտիվներ» երկհատորյակը ներկայացվում է ոչ միայն որպես գրական ժողովածու, այլև որպես մշակութային երկխոսության հարթակ, որտեղ հանդիպում են տարբեր ժողովուրդներ, սերունդներ և գրական ավանդույթներ։
Ժողովածուի գլխավոր գաղափարներից մեկն այն է, որ ժողովրդի պատմական հիշողությունն ու մշակույթը շարունակում են ապրել, քանի դեռ դրանք փոխանցվում են սերնդից սերունդ և դառնում նոր ստեղծագործությունների ներշնչման աղբյուր։ Այս իմաստով «Հայկական մոտիվները» յուրօրինակ գրական կամուրջ են՝ ժողովուրդների, ժամանակների, հիշողության և մշակույթների միջև։
