Հայ կինը՝ Ցեղասպանության Զոհ և Հերոս

  • by Western Armenia, 14 Մայիսի, 2024 in Հասարակություն
18 դիտում

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է  ունեցել  «ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՎ ՀԵՐՈՍ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, նշել է, որ այս ցուցադրության միջոցով ներկաները կտեսնեն մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործության՝ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության ժամանակ հայ կանանց ապրած փորձությունների անմարդկայնի դեմքը, ապա ավելացրեց. «Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության տարիներին հիմնականում կանանցից ու երեխաներից կազմված տեղահանվածների քարավանները դիտավորյալ  ենթարկվում էին ավազակային հարձակումների, ինչի հետևանքով տեղի թուրք, քուրդ և արաբ բնակչությունը բռնի կերպով տիրում էր հայ կանանց, առևանգում նրանց ու երեխաներին:

Առևանգվածներին վաճառում էին, տանում մուսուլմանական տներ, հաճախ նրանց տուն, ով սպանել էր իրենց ընտանիքի անդամներին, պարտադրում կրոնափոխություն, մղում ստրկական աշխատանքի: Հայ կանանց հանդեպ կիրառվող որբևայրի տերմինը` որբ ու այրի, այսինքն` զրկված ծնողներից և ամուսնուց, թերևս, լավագույնս բնորոշում էր նրանց ճակատագիրը»: Ցուցադրության մեջ ներկայացված են հայ կնոջ կյանքի ու կենցաղի հետ կապված անձնական բազմաթիվ իրեր, բնօրինակ բացառիկ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշագրություններ, փաստավավերագրական ֆիլմ և այլն:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2025 թ. ապրիլը: