Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում ավելի քան 300 խաչքար է հայտնաբերվել

  • by Western Armenia, 07 Ապրիլի, 2023 in Հասարակություն
181 դիտում

Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում 300-ից ավել նոր հուշարձան է հայտնաբերվել, որոնք պետական ցուցակներում հաշվառված չեն, այդ թվում խաչքարեր, արձանագիր և ոչ արձանագիր տապանաքարեր, եկեղեցիների, մատուռների ավերակներ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Հայրապետյանը:

Անդրադառնալով շրջափակման հետևանքով որոնողական աշխատանքների խնդիրներին՝  Հայրապետյանն առանձնացրել է տրանսպորտային վառելիքի պակասը, որի պատճառով կազմակերպության կողմից դաշտային աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

«Մինչ շրջափակումն իրականացված աշխատանքների արդյունքում հիմնականում նորություններ գրանցվել են Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր և Վաղուհաս համայնքների, Ասկերանի շրջանի Պատարա գյուղի տարածքներում։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ վերջերս տեղեկություններ են հաղորդվել Խաթրավանքի շրջակայքում հայտնաբերված պարսպապատերի վերաբերյալ, որը ենթադրում ենք, որ դիտակետ-աշտարակ կարող է լինել»,-մանրամասնել է Ա. Հայրապետյանը:

Անդրադառնալով հայտնաբերված խաչքարերի պահպանման պայմանների հարցին, ՊՈԱԿ-ի տնօրենը այսպես է պատասխանել․ «Կազմակերպության կողմից գտնված խաչքարերը ֆիքսվելուց հետո մնում են իրենց տեղերում։ Հնարավոր է, գալիք սերունդները դրանք ուսումնասիրելու ավելի մեծ հնարավորություն ունենան և արդյունքում ավելի մեծ տեղեկատվություն ձեռք բերեն»։