Հրատարակվել է Արցախի երկրորդ պատերազմի մասին նոր գիտական աշխատություն

  • by Editbeglari, 30 Հուլիսի, 2026 in Լուրեր
138 դիտում

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը տեղեկացնում է, որ վերջերս լույս տեսած «44-օրյա պատերազմը․ Հայաստան, Ադրբեջան և պայքարը Արցախի համար» (The 44-Day War: Armenia, Azerbaijan, and the Struggle for Nagorno-Karabakh) անգլերեն գիտական աշխատությունն այժմ անվճար հասանելի է առցանց։

Գրքի թվային տարբերակը կարելի է ընթերցել Diasporan Perspectives հարթակում, իսկ տպագիր տարբերակը՝ ձեռք բերել հրատարակչության՝ I.B. Tauris / Bloomsbury-ի միջոցով։

Հատորի առցանց հասանելիությունը նպատակ ունի ուսումնասիրությունը մատչելի դարձնել ոչ միայն գիտնականների, այլև լրագրողների, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքականություն մշակողների համար, ովքեր զբաղվում են հակամարտությունների, դիվանագիտության և բռնի տեղահանությունների հարցերով։

Գրքում համախմբված են տարբեր երկրների և մասնագիտական ոլորտների հեղինակների ուսումնասիրությունները, որոնք բազմակողմանիորեն վերլուծում են 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմը։ Հեղինակները ներկայացնում են պատերազմի քաղաքական, ռազմական, հումանիտար և միջազգային հետևանքները՝ անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ հակամարտությունն իր ժամանակին միջազգային հանրության կողմից բավարար ուշադրության չարժանացավ։

Հրատարակության հեղինակների գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմը դարձավ կարևոր շրջադարձային իրադարձություն, որը փոխեց տարածաշրջանային անվտանգության միջավայրը և նախանշեց ժամանակակից պատերազմների նոր միտումները։