ՄԻԵԴ–ը առաջին անգամ վճիռ է կայացրել ակտիվ զինված հակամարտության ժամանակ սպանված զինվորի գործով

  • by Western Armenia, 23 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
123 դիտում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  (ՄԻԵԴ) դեկտեմբերի 19–ին առաջին անգամ վճիռ է կայացրել զինված հակամարտության ժամանակ սպանված զինծառայողների գործով։ Մեկնաբանելով իր գանգատի հիման վրա Չինարի գյուղի սահմանային դիրքերում մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորների սպանության գործով ՄԻԵԴ–ի կայացրած վճիռը, փաստաբան Արա Ղազարյանը ասուլիսում  նշել է, որ սովորաբար Եվրոպական դատարանը մերժում է նման գանգատները։ Դատարանը մի գործով սահմանել է, որ զինված հակամարտության ակտիվ փուլում  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չի գործում։ Փաստաբանն այս դեպքը առանձնահատուկ է համարում նրանով, որ հայ զինվորները եղել են մարտական հերթապահության մեջ՝ դիրքերում, սակայն տվյալ պահին, երբ ադրբեջանցի զինծառայողն անցնելով հայկական դիրքերի թիկունք հանկարծակի հարձակվել ու սպանել է՝ նրանք անզեն են եղել։ Մեր զինվորները զբաղված էին կենցաղային հարցերով։ Հետևաբար, թեկունքից անսպասելի հարվածելու պահին բացակայել է նրանց կյանքից զրկելու, նրանց նկատմամբ մահաբեր ուժ կիրառելու ռազմական անհրաժեշտությունը։ Ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության կայացրած վճռով ՄԻԵԴ–ն ընդունել է հայկական կողմի ներկայացրած վարկածը և մերժել է Ադրբեջանի ներկայացրածը։ Ադրբեջանը Եվրոպական դատարանին հայտնել էր, թե իբր հայկական զինված ուժերն էին հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա, որի ժամանակ էլ իբրև թե զոհվել է ադրբեջանցի զինծառայողը, և հայկական ստորաբաժանումը նրա դին իր հետ փոխադրել է Հայաստանի տարածք։ ՄԻԵԴ-ը կյանքի իրավունքի խախտումը սահմանել է երկու հիմքերով․ կյանքից անիրավաչափ զրկելու և անհրաժեշտ հետաքննություն չկատարելու հիմքերով։ Լեյտենանտ Շավարշ Մելիքյանի մասով գանգատը մերժել է ելնելով նրանից, որ նա կյանքից զրկվել էր մարտական ակտիվ գործողության ընթացքում, որի դեպքում Եվրոպական կոնվենցիան կիրառելի չէ։