ՄԻՊ-ը խոստանում է հետևողական լինել աղետի գոտու բնակիչների բոլոր իրավունքների պատշաճ ապահովման հարցում

  • by Western Armenia, 01 Հունիսի, 2024 in Հասարակություն
29 դիտում

Արևելյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի առաջին իսկ պահից աշխատել է արտակարգ ռեժիմով։ 

Ըստ «Արմենպրես»-ի, Ալավերդի քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Այսօր ես եկել եմ Լոռու մարզ՝ հասկանալու համար քաղաքացիների կողմից բարձրաձայնած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ես հատուկ ուզում եմ շեշտադրել, որ ի սկզբանե մարդու իրավունքների մի քանի բնագավառներ ենք առանձնացրել և պետական մարմինների հետ պարբերաբար հաղորդակցություն ենք վարել հենց այդ իրավունքների բովանդակությանը վերաբերելի հարցերը պարտադիր հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Մանասյանը։

Անահիտ Մանասյանը նշեց, որ առաջին և հրատապ լուծում պահանջող խնդիրը անվտանգ ջրի և սանիտացիայի խնդիրն է։ Կարևոր են նաև մարդկանց առողջության պահպանման հետ կապված խնդիրները,  համաճարակային իրավիճակները բացառելը՝ շեշտելով, որ այս առումով առաջնահերթ նշանակություն ունի հենց քաղաքացիներին անվտանգ ջրի մատակարարումը։

Անահիտ Մանասյանը կարևորում է նաև քաղաքացիների կրթության իրավունքի պատշաճ ապահովումը արտակարգ իրավիճակի պայմաններում, ինչպես նաև մարդկանց սննդամթերքով ապահովելու կարևորությունը՝ հավելելով, որ այս առնչությամբ ևս ստացել է հավաստիացում, որ քաղաքացիներն ապահովվում են անհրաժեշտ սննդամթերքով։ Շատ կարևոր խնդիր է քաղաքացիների սեփականության իրավունքի և պատշաճ փոխհատուցման հարցը։