Նահատակությունից ութսուն տարի անց Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները ամփոփվել է Փարիզի պանթեոնում

  • by Western Armenia, 21 Փետրվարի, 2024 in Հասարակություն
66 դիտում

Ֆրանսիական դիմադրության առաջամարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունը այսօր՝ 2024 թվականի Փետրվարի  21-ին՝ նահատակությունից ութսուն տարի անց, պետական բարձրագույն մակարդակով ամփոփվել է Փարիզի պանթեոնում:

Միսաք Մանուշյանը այսպիսով դարձել է առաջին օտարազգի գործիչը, որ ամփոփվել է Ֆրանսիայի մեծությունների աճյունները ամփոփող պանթեոն, որտեղ ամփոփվել է  նաև Մանուշյանի կնոջ` Մելինեի աճյունը:

1934 թվականին Հայաստանի օգնության կոմիտեի կազմակերպած երեկոներից մեկի ժամանակ Միսաքը ծանոթանում է Մելինե Ասատուրյանի հետ:

Մելինեն ծնվել է 1913 թվականին Պոլսում: Ցեղասպանության ժամանակ կորցրել է ծնողներին և մեծ քրոջ` Արմենուհու հետ մանկությունը անցկացրել է Զմյուռնիայի ավետարանականների որբանոցում: 1922 թվականին՝  Զմյուռնիայում տեղի ունեցած աղետից հետո, քրոջ և այլ որբերի հետ տեղափոխվել է Հունաստան՝ Կորնթոսի որբանոց:

Արմենուհի և Մելինե Ասատուրյանները այլ որբերի հետ 1926 թվականին տեղափոխվեցին Ֆրանսիա և բնակություն հաստատեցին Մարսելում, ապա Փարիզում : Մելինեն Փարիզի Ռենսի արվարձանում հաստատվելով՝  ուսանեց Դպրոցասեր տիկնանց վարժարանում: Քույրը` Արմենուհին, դերձակ դարձավ:

Դպրոցը ավարտելուց հետո Մելինեն և քույրը Փարիզի վեցերորդ քաղաքամասի Լուվուա փողոցում Սերովբե Փափազյանից բնակարան վարձեցին: Սերովբեն բնակվում էր այդ տանը և  Մամիկոն Ազնավուրյանի կնոջ` Քնար Բաղդասարյանի հոր հորեղբայրն էր: Մամիկոնի և Քնարի որդին Շահնուր Վաղինակ Ազնավուրյանն էր՝ ապագա երգիչ Շառլ Ազնավուրը: Ասատուրյան քույրերը և Ազնավուրյանները շուտով մտերմացան:

Միսաք Մանուշյանը 1935 թվականին Հայաստանի օգնության կոմիտեի անդամ դարձավ և սկսեց խմբագրել կոմիտեի «Զանգու» շաբաթաթերթը: Մելինե Ասատուրյանը 1935 թվականին հուլիսին Հայաստանի օգնության կոմիտեի Պելվիլին շրջանի ներկայացուցիչ ընտրվեց:

Միսաքը և Մելինեն Հայաստանի օգնության կոմիտեի կենտրոնական վարչության անդամներ ընտրվեցին և գործուն մասնակցություն բերեցին Ֆրանսիայի ժողովրդային ճակատի կազմակերպած ցույցերին ու գործադուլներին:

Միսաքը և Մելինեն  1936 թվականի փետրվարի 22-ին ամուսնացան:

Իսպանիայի քաղաքացիական պատերազմը հանրապետականների և ազգայնականների միջև սկսվեց 1936 թվականի հուլիսին: Կոմունիստ միջազգայնականը` Քոմինթերնը, ձեռնամուխ եղավ միջազգային զորագնդերի կազմակերպմանը: Տարբեր երկիրներից հավաքագրվող կամավորները սկսեցին Իսպանիա ուղարկվել ազգայնականների դեմ պայքարի համար։

Միսաք Մանուշյանը գործուն մասնակցություն բերեց միջազգային զորագնդերի ձևավորման աշխատանքներին: Իր ջանքերով մեկ միլիոն ֆրանկ հավաքվեց և Քոմինթերի տրամադրության տակ դրվեց:

«Զանգու» շաբաթաթերթում Իսպանիայի քաղաքացիական պատերազմի և միջազգային զորագնդերի գործունեության մասին մանրամասն տեղեկություններ սկսեցին հրապարակվել:

Երկրորդ Համաշխարհային պատերազմը սկսվեց 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիայի՝ Լեհաստան ներխուժումով:

Ֆրանսիական կառավարությունը սեպտեմբերի 3-ին արգելեց կոմունիստական կուսակցության գործունեությունը և ձեռնարկեց կոմունիստների զանգվածային ձերբակալությունը: Առաջին ձերբակալվածների մեջ էր Միսաք Մանուշյանը:

Մանուշյանի բնակարանը խուզարկվեց և նրա մի շարք  ձեռագրեր բռնագրավվեցին, ապա ոչնչացվեցին:

Երեք ամիս հետո Միսաքը, իբրև արտասահմանցի, ազատ արձակվեց և Նորմանտի՝ Ռուենի շրջան ուղարկվեց:

Գերմանական զորքերի՝ Ֆրանսիա ներխուժումից հետո՝ 1940 թվականի հունիսին Մանուշյանը ֆրանսիական բանակի նահանջող խմբերի հետ տեղափոխվեց երկրի՝ գրավումից զերծ մնացած հատվածները։

Նույն ժամանակ Մելինեն, որ Փարիզի կոմունիստական ընդհատակյա կազմակերպությունների միջև կապի պատասխանատուն էր, ամուսնուն իր մոտ կանչեց:

Փարիզ վերադառնալով՝ Միսաքը իր շուրջ հավաքեց մի խումբ հայ մտավորականների, որոնց հետ նախապես աշխատել էր «Զանգու» շաբաթաթերթում՝ նպատակ ունենալով միջազգային ջոկատ կազմակերպելու և գործուն մասնակցություն բերելու ֆրանսիական դիմադրության շարժմանը:

Գերմանիայի Խորհրդային Միության վրա հարձակման օրը՝ 1941 թվականին հունիսի 22-ին, գեստապոն ձերբակալեց Միսաք Մանուշյանին, նրա համախոհներին և Քոմփիենին, ապա ուղարկեցին համակենտրոնացման ճամբար:

Մի քանի շաբաթ անց համակենտրոնացման ճամբարից փախչելով՝ Միսաք Մանուշյանը վերադարձավ Փարիզ, որից հետո իր կնոջ հետ 14-րդ քաղաքամասի Փլեսանս փողոցում բնակություն հաստատեց:

Միսաք Մանուշյանը գործուն մասնակցություն բերեց ֆրանսիական դիմադրական շարժմանը: 1943 թվականի Փետրվարին Մանուշյանը «Ստալինգրադ» ջոկատին միացավ և նրա ղեկավարը դարձավ:

«Ստալինգրադ» ջոկատը սկսեց հարձակումներ կազմակերպել գերմանական զորքերի վրա: Փարիզի արևմտյան արվարձանում Լևալուա-Փերրեում էսէսականների մի խումբ հարձակման ենթարկվեց, իսկ զորավարներ Շաումպուրկ և Ռիթերը ահաբեկվեցին և զինվորական փոխադրակառքեր պայթեցվեցին:

Մանուշյանը միաժամանակ ընդհանուր հիսուն հոգուց բաղկացած երեք ջոկատների ղեկավարությունը ստանձնեց և աշխատանք տարավ սովետական բանակի հայ ռազմագերիներին օգնելու  գործում: 1943 թվականի մայիսից սկսած Փարիզում նա և իր զինակից Ալեքսան Կոստանդինյանը կարողացան հայ ռազմագերիների հետ կապ հաստատել:

Մանուշյանը և իր ընկերները նաև հակագերմանական թռուցիկներ էին հրատարակում ու տարածում զորանոցներում։ Թաքստոցներ էին պատրաստում բանակը լքող զինվորների համար և  ապահովում նրանց մուտքը դիմադրության շարքերում:

Շարունակելի․․․