Նոր աշխատություն՝ նվիրված Օսմանյան կայսրությունում հայկական վարժարաններին

  • by Editbeglari, 02 Հոկտեմբերի, 2025 in Լուրեր
181 դիտում

Երևանում ներկայացվեց ամերիկաբնակ պոլսահայ մտավորական Գևորգ Յակոբյանի նոր ուսումնասիրությունը՝ «Հայոց կրթական հաստատություններու պատմութիւն՝ Օսմանեան գաւառներու մէջ» երկհատոր աշխատությունը։

Աշխատությունը նվիրված է մինչև 1915 թվականը ներկայիս Թուրքիայի կողմից օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքում գործող հայկական դպրոցների պատմությանը։ Հեղինակը՝ Գևորգ Յակոբյանը, երկար տարիներ հավաքագրել է փաստաթղթեր, լուսանկարներ և հնատիպ գրքեր, որոնք այսօր կազմում են իր ծավալուն հետազոտության հիմքը։

Շնորհանդեսին ելույթ ունեցան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, թուրքագետներ Մելինե Անումյանը և Վերա Սահակյանը։ Նրանք ընդգծեցին, որ Յակոբյանի աշխատությունը ոչ միայն արժեքավոր աղբյուր է հայ կրթական կյանքը ճանաչելու համար, այլև փաստում է հայերի ներկայության և ստեղծարար ավանդի անժխտելիությունը Օսմանյան կայսրությունում։

Մասնագետների խոսքով՝ հատորները կարելի է դիտարկել որպես հանրագիտարան և ուսուցողական գործիք՝ արժեքավոր ուսանողների ու հետագա հետազոտողների համար։

Գևորգ Յակոբյանը նշեց, որ այս աշխատությունը իր ազգային պարտքի կատարումն է և խոստացավ ապագայում ևս նոր ուսումնասիրություններ հրատարակել։