Նոր Արաքսի հայ համայնքի պատմությունն ամփոփվել է նոր գրքում

  • by WesternArmenia, 19 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
227 դիտում

Իտալիայի Բարի քաղաքի մերձակայքում գտնվող Նոր Արաքս գյուղի հիմնադրման 100-ամյակի առթիվ հոկտեմբերի 19-ին տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը։

Ավելի քան 250 էջից բաղկացած աշխատությունը ներկայացնում է հայ համայնքի ձևավորման ու զարգացման պատմությունը՝ հիմնվելով իտալական և միջազգային մամուլի հրապարակումների, ինչպես նաև արժեքավոր, մեծ մասամբ չհրապարակված պատկերագրական նյութերի վրա։

Լրագրող Սիրանուշ Կուարանտայի և պրոֆեսոր Կառլո Կոպպոլայի համահեղինակությամբ լույս տեսած գիրքն ընդգրկում է 1924–1962 թվականների ժամանակաշրջանը՝ անդրադառնալով երկու համաշխարհային պատերազմներին և դրանց հաջորդած տարիներին։

Առանձնահատուկ տեղ է հատկացված Նոր Արաքսի հիմնադիր, արևմտահայ նշանավոր բանաստեղծ, մտավորական և հասարակական գործիչ Հրանտ Նազարյանցի գործունեությանը։ Աշխատությունն ընթերցողին ներկայացնում է իտալական հողի վրա ձևավորված հայկական համայնքի պատմական ուղին՝ պահպանելով նրա հիշողությունն ու մշակութային ժառանգությունը։