Նոր մանրամասներ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստից

  • by Western Armenia, 16 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
54 դիտում

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 15-ին շարունակվել է 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով քննությունը։ Զինվորական կացարանում հրդեհի բռնկման պատճառը, ըստ պաշտոնական վարկածի, եղել է բենզինի հետ վարվելու կանոնները խախտելը: Դատական նիստի ընթացքում մեղադրյալներ Գոռ Աղեկյանի, Եղիշե Հակոբյանի և Մառլեն Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով, շարունակել է ցուցմունք տալ պատահարին ներկա զինծառայող, տուժող Լևոն Խառատյանը։ Տուժող կողմը, սակայն, դժգոհ է գործի քննությունից։ Զինվորների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, որի համաձայն գործով գլխավոր մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը բենզին է լցրել վառարանի մեջ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ 

Պաշտպան Նորայր Նորիկյանը դատական նիստից հետո լրագրողներին փոխանցեց, որ Լևոն Խառատյանի ցուցմունքը էապես տարբերվում է նախկինում իր իսկ տված ցուցմունքից։ «Մենք օգտվել ենք դատավարական իրավունքից` միջնորդել ենք, որ հրապարակվեն նախաքննական ցուցմունքները, ավելին` Լևոն Խառատյանի ցուցմունքը ոչ միայն հակասում է իր կողմից նախկինում տրված ցուցմունքներին, այլև՝ այլ անձանց տված ցուցմունքներին: Այն հարցերի պատասխանները, որոնք կարող են լույս սփռել գործի հանգամանքների վրա, Լևոն Խառատյանն ասում է, որ չի հիշում․ նրա ցուցմունքները խիստ անարժանահավատ են մեզ համար»,- մանրամասնեց Նորիկյանը։ Նախորդ դատական նիստերի ժամանակ հետազոտվել են գրավոր ապացույցները, և ցուցմունք է տվել տուժող Լևոն Խառատյանը։ Կայացած բոլոր նիստերն անցել են լարված մթնոլորտում։ Հաջորդ դատական նիստը, որի ժամանակ կշարունակվի Լևոն Խառատյանի հարցաքննությունը, տեղի կունենա 2024 թվականի հունվարի 26-ին: