Շարլ Ազնավուրը մայիսի 22-ին  կդառնար 99 տարեկան

  • by Western Armenia, 23 Մայիսի, 2023 in Հասարակություն
214 դիտում

Մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս, Արևմտյան Հայաստանի պանծալի զավակ Շառլ Ազնավուրը, որը երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին, մայիսի 22-ին կտոներ ծննդյան 99-ամյակը:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Ջավախքի Ախալցխա քաղաքում, մայրը՝  բռնազավթված Արևմտյան Հայաստանի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն:  Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում:

1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով:Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է հազարից ավելի երգեր, նկարահանվել է վաթսունից ավելի կինոնկարներում։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: 

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել Արցախի «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն: