Ոգեշնչող պատմություն շրջափակման օրերի մասին․ Անի Հայրապետյան

  • by Western Armenia, 08 Մարտի, 2024 in Հասարակություն
84 դիտում

Անի Հայրապետյանը մանկական երեկույթների հանդիսավարի իր աշխատանքը չթողեց անգամ շրջափակման օրերին։ Մերթընդմերթ ռմբակոծվող, վտանգի տակ գտնվող ու քաղցած քաղաքում Անիի ընտանիքը ուժ գտավ ոչ միայն գոյատևելու, այլև իրենց էներգիան և ջերմությունը կիսելու փոքրիկ հայրենակիցների հետ: Վերջին օրերի հանդիսությունների ժամանակ նույնիսկ հյուրասիրություն չկար, բայց երեխաները մեկ տարի սպասել էին իրենց ծննդյան օրվան  և անհրաժեշտ էր ամեն ինչ անել, որպեսզի ուրախանան։

Ծնունդով գյումրեցի, բայց ամբողջ գիտակից կյանքն Արցախում անցկացրած Անին իր մասնագիտությունն ընտրել էր դեռ մանկուց: Երեխաներին զվարճացնելու առաքելությունն ինքն ու ամուսինը իրենց վրա վերցրին և ստեղծեցին ընտանեկան կազմակերպություն: Գլխավոր նպատակն էր՝ հասնել Արցախի ամեն մի համայնք, լինել ամեն տեղ, որտեղ  իրենց կարիքը կար: Շրջափակման օրերին ոտքով գյուղից քաղաք էին հասնում, որպեսզի առանց հյուրասիրության տոնվող ծնունդներին գոնե մուլտհերոսի ներկայությամբ ուրախացնեն:

Բռնի տեղահանման օրերը լի էին փորձություններով:

 «Մեր համայնքի`Բերքաձորի վրա շատ էին խփում, քանի որ երկու խոշոր ռազմական կարևորություն ունեցող կետեր կային, մենք չգիտեինք, հաջորդ հարվածը որտեղ կլիներ, բայց հետո հրաման ստացանք, որ պետք է տեղափոխվել հիմնական նկուղ: Գյուղը ռմբակոծվում էր, ու մենք արկերի տակ փորձում էինք փախչել: Երեխային գրկած վազում էի, երբ ուժասպառ եղա ու մտա հարևանի հավաբունը: Հետո իմացա, որ քույրս հասել է շենքի մոտ, ուր արդեն վիրավորներ կային:

Առաջին ժամվա ընթացքում մեզ գյուղից տարհանեցին և տարան Ստեփանակերտ: Մենք այլևս չկարողացանք վերադառնալ գյուղ: Այնտեղ միայն զինված տղամարդիկ էին մնացել: Կանայք երեխաների հետ նկուղում էին…ուտելու ոչ մի բան չկար: Բարի մարդիկ ռումբերի պայթյունների տակ մի բան էին բերում, որ տայինք երեխաներն ուտեն: Սեպտեմբերի 28-ի գիշերը մենք վերջապես վառելիք գտանք և դուրս եկանք»,- վերհիշում է նա: