2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած համարվող զինծառայող Կարեն Գևորգյանի հայրը՝ Ազատ Գևորգյանը, արդեն երկրորդ օրն է նստացույց է անցկացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հստակ տեղեկություններ որդու ճակատագրի վերաբերյալ։
Ազատ Գևորգյանի խոսքով՝ վեց տարի շարունակ ինքը փորձում է պարզել որդու գտնվելու վայրը, սակայն մինչ օրս որևէ հստակ պատասխան չի ստացել։ Նա պնդում է, որ ներկայացված ԴՆԹ փորձաքննության արդյունքները լիարժեք համապատասխանություն չեն ունեցել, ինչի պատճառով շարունակում է որդուն կենդանի համարել և որոնել նրան։
Կարեն Գևորգյանը ծառայել է Հադրութում և պատերազմի ժամանակ եղել է ժամկետային զինծառայող։ Հայրը պատմում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը։ Ժամեր անց նրա անունը հայտնվել է զոհվածների առաջին ցուցակներում, սակայն հետագայում տեղափոխվել անհետ կորածների ցանկ։
Ազատ Գևորգյանը նաև նշել է, որ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պահանջել պարզել՝ արդյոք որդին գտնվում է Բաքվում, թե ոչ։ Նրա խոսքով՝ մինչ այժմ ծնողները որևէ գրավոր պատասխան չեն ստացել իշխանություններից։
Նստացույց իրականացնող հայրը վստահեցնում է, որ շարունակելու է իր բողոքի ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել հստակ պատասխան որդու ճակատագրի մասին։
