Չեխիայում կկազմակերպվեն Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ

  • by Western Armenia, 18 Ապրիլի, 2024 in Հասարակություն
37 դիտում

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության կապակցությամբ ապրիլ 19- 27-ը Պրահայի երեք տարբեր կինոթատրոններում կցուցադրվի բազմաթիվ մրցանակների արժանացած Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը  անգլերեն ենթագրերով։

 Ապրիլի 23-ին Չեխիայի խորհրդարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ սեմինար, որի կազմակերպիչներն են պատգամավոր Յիրժի Կոբզան եւ Բռնոյի «Նաիրի» հայկական միությունը։ Սեմինարի խորագիրն է՝ «Հայերի դեմ իրակացրած  ցեղասպանություն. Պատմությունը  և դրա արձագանքները»։

Ծրագրում նախատեսած է Մեծ Եղեռնի վերապրող Ավրորա Մարդիգանյանին նվիրված «Հոշոտված Հայաստան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն, չեխ պատմաբան Լուկաշ Լհոտանի ելույթը՝ «Հայկական Հոլոքոստ. Պատմություն և ժառանգություն» թեմայով և   պատմաբան, նկարիչ Աշոտ Առաքելյանի ելույթը՝ «Արցախի հարցը»  թեմայով։

Ապրիլի 24-ին Պրահայի հայկական խաչքարի մոտ ծաղիկներ կդրվեն Հայաստանի դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու և հայկական համայնքի կողմից, այնուհետև Սուրբ Հոգի եկեղեցում  տեղի կունենա Հայերի դեմ իրականացված ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակի արարողություն։ Կցուցադրվի նաև Բռնոյի Մասարիկի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի  նկարահանած  «Հավերժ Անին» ֆիլմը, որի ստեղծմանն աջակցել է Պրահայում Հայաստանի դեսպանությունը։

Ապրիլի 24-ին ժամը Սվետոզոր կինոթատրոնում կրկին կցուցադրվի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը։

Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում» դասախոսությունը։ Բանախոսը կանդրադառնա մասնավորապես  այն խնդրին, որ հայ ազգը սիստեմատիկ կերպով մարգինալացված էր,  նրա արվեստը ներկայացվում էր որպես ակնհայտ ստորադաս, նույնիսկ հեթանոսական: Այս իրավիճակները կարո՞ղ են զուգահեռներ ունենալ այսօրվա աշխարհում: Դասախոսության շրջանակներում  բանախոսը կփորձի ցույց տալ, թե որքանով են 19-րդ դարի վերջի իրադարձություններն անմիջականորեն կապված Արցախի ներկայիս իրադարձությունների հետ, այսինքն՝ մի իրավիճակի հետ, որը դժվար է սահմանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն։