Բուրսայի Յըլդըրըմ համայնքում շարունակվում են Քուրթօղլու թաղամասում գտնվող պատմական հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Նախագծի նպատակն է նախկինում որպես հայկական եկեղեցի ծառայած շենքը վերածել մշակութային կենտրոնի՝ «Սեթբաշը արվեստի կենտրոն» անվամբ։
Վերականգնման ծրագրի համաձայն՝ շենքը կգործի որպես երկհարկանի մշակութային կենտրոն։ Առաջին հարկում կստեղծվի բազմաֆունկցիոնալ դահլիճ, իսկ կենտրոնում կգործեն նաև առանձին սրահներ՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների և սեմինարների անցկացման համար։
Տեղական իշխանությունների հավաստմամբ՝ նախագիծն իրականացվում է պատմական շինությունը պահպանելու և այն մշակութային կյանք վերադարձնելու նպատակով։ Աշխատանքներն ընթանում են ակտիվ փուլում, և դրանց ավարտից հետո կենտրոնը կբացի իր դռները արվեստասերների առջև։
