Ջեզիրեի հայության ներկա վիճակը և մարտահրավերները․ Ռաս-ուլ-Այն

  • by Western Armenia, 31 Մայիսի, 2024 in Հասարակություն
26 դիտում

Ռաս ուլ-Այնը Հասիչեի նահանգի հյուսիսային շրջանում գտնվող, Թուրքիայի կողմից օկուպացված Արեւմտյան Հայաստանի հետ սահմանակից գյուղաքաղաք է: 1915-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո դարձել է հայ ժողովրդի ապաստարաններից մեկը, ինչպես՝ Դեր Զորը: Այնտեղ գործում էր Ազգ  Նահատակաց նախակրթարանը, նաև հայկական եկեղեցին՝ Ս. Հակոբը, որի խնամատարությունը ստանձնել էր եկեղեցին ՝ դոկտոր Հովհաննես Սաաթջյանի ղեկավարությամբ: 

Նախքան սիրիական պատերազմը, 2011-ին հայ ընտանիքների թիվը հասնում էր շուրջ 14-ի, որոնք ցեղասպանությունից հետո հաստատվել էին այնտեղ ու խաղաղ կյանք էին վարում՝ ոմանք որպես արհեստավորներ, ոմանք հողագործության գործին նվիրված, ոմանք էլ էլեկտրական գործիքների նորոգությամբ զբաղված։

Կանայք տնային տնտեսուհիներ էին։ Զբաղվում էին  իրենց երեխաների հայեցի դաստիարակությամբ։ Ոմանք Ազգային վարժարանում  ուսուցչություն էին անում։ Սրբուն անունով  մի դեղագործուհի, զանազան բույսեր օգտագործելով, դեղատոմսեր էր պատրաստում։ Ռաս ուլ-Այնի Ս.Հակոբ եկեղեցին անցյալում ունեցել է իր քահանան, սակայն բնակչության թվի նվազելուն զուգընթաց եկեղեցին ունեցավ իր այցելու քահանան՝ Հասիչեի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը՝ Տեր Մեսրոպ Ա. Պետրոսյանը, որը այցելում էր այդ եկեղեցի՝ հոգալու բնակիչների հոգևոր կարիքները: 

Հետագայում տեր հոր վատառողջ լինելու պատճառով իրեն հաջորդեց Գամիշլիի հոգևոր հովիվ  տեր պսակ Պերպերյանը՝ դարձյալ որպես այցելու քահանա:Քահանան հաճախ էր այցելում այնտեղ՝ մերթ պատարագ մատուցանելու, մերթ տաղավար տոներին և Ս. Հարության տոնին ներկայանալու:Սիրիական պատերազմի ընթացքում զինյալ ահաբեկչական խմբերը երկու անգամ հարձակվեցին ու գրավեցին քաղաքը, և առաջին գրավումից իսկ բոլոր հայ ընտանիքները ճարահատ խույս տալով հեռացան Ռաս ուլ-Այնեն՝ հաստատվելով Ջեզիրեի զանազան շրջաններ. ոմանք էլ հետագայում՝ արտասահման: Բարեբախտաբար քաղաքի առաջին գրավումից և ազատագրումից հետո, առիթը ունեցանք այնտեղ գնալու և քննելու իրավիճակը. այցելեցինք Ազգային վարժարան, որի պատերը փամփուշտների հետքեր էին կրում։ Փառք Տիրոջ, որ վնասները մի կերպ տանելի էին։ Տեսան նաև եկեղեցու շրջակայքը, որի մուտքի մոտ տեսանք փոս՝ խճաքարերով լցված․ ըստ երևույթի ական կամ ռումբ էր պայթել։ 

Դժբախտաբար կարճ ժամանակ հետո Ռաս ուլ-Այնը դարձյալ գրավվեց Թուրքիայի ահաբեկիչների կողմից՝ 2019 հոկտեմբերին ու մինչ այսօր գրավված է մնում։  Ներկայումս ոչ մի հայ բնակիչ չկա այնտեղ  բացի պրն. Վրեժ Քեշիշյանից, որը անձնվեր ու հոժարակամ կերպով բնակվում է այնտեղ՝ հակառակ նրա կնոջ ու երեխաների Հասիչե տեղափոխվելուն։ Նա  պնդել է, որ չի կարող ապրել իր ծննդավայրից դուրս: Նա հսկողում եկեղեցու և Ազգային վարժարանը, յարատև կապի մեջ է Ջեզիրեի առաջնորդական փոխանորդ Տ. Լևոն Եղիայանի և վարժարանի պատասխանատուների հետ: