Սեպտեմբերի 20-ին Պալաթում «Սուրիչի» հարթակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված Սամաթիա թաղամասի հայկական պատմությանն ու դիմագծին։ Բանախոսությամբ հանդես է եկել Բագրատ Էսդուգյանը՝ անդրադառնալով Կոստանդնուպոլսի և հատկապես Սամաթիայի պատմական զարգացմանը։
Էսդուգյանի ներկայացմամբ՝ 1453 թվականի օսմանյան նվաճումից հետո Կոստանդնուպոլսի վերակազմավորման գործում կարևոր դեր է ունեցել հայերի ներկայությունը։ Հայ համայնքի ձևավորման առանցքային կենտրոններից մեկը դարձել է Սամաթիան, որտեղ հիմնադրվել է Հայոց Պատրիարքարանը, իսկ բյուզանդական նախկին տաճարներից մեկը փոխանցվել է հայ համայնքին։
Սամաթիան հետագայում նաև կարևոր ապաստան է դարձել տարբեր ժամանակաշրջաններում Կոստանդնուպոլիս տեղափոխված հայերի համար։ Ցեղասպանությունից հետո այստեղ ապաստան են գտել պատմական Հայաստանից փրկված բազմաթիվ հայեր։ Հետագա տասնամյակներին թաղամասում հաստատվել են նաև Եոզղատից, Մուշից, Սասունից և Հայաստանից տեղափոխված ընտանիքներ՝ շարունակելով Սամաթիայի հայկական կյանքի պատմությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Սամաթիայի, Գումգափուի և Գետիկփաշայի հայկական համայնքների հայտնի դեմքերին ու նրանց թողած ժառանգությանը։ Քննարկումը ևս մեկ անգամ ընդգծել է Սամաթիայի կարևորությունը Կոստանդնուպոլսի հայկական պատմության և համայնքային հիշողության մեջ։
