Պարույր Սեվակի հայտնի պատգամը՝ «Սերունդներ, ճանաչե՛ք ձեզ», այսօր էլ շարունակում է հնչել որպես զգոնության և ինքնաճանաչման կոչ հայ ժողովրդի համար։ Այս մտքի շուրջ իր անդրադարձում Արմինե Քոթանջյանը փորձում է վերաիմաստավորել հայ ժողովրդի պատմական փորձը, սխալներն ու շարունակվող պատրանքները։
Հեղինակի դիտարկմամբ՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է այն համոզմամբ, թե ներողամտությունն ու զիջողականությունը բարձր արժեքներ են՝ անկախ քաղաքական իրողություններից։ Սակայն պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ թույլ ժողովուրդների հանդեպ աշխարհը հաճախ առաջնորդվում է ոչ թե բարոյականությամբ, այլ ուժի և ազգային շահերի սկզբունքով։
Հոդվածում ընդգծվում է, որ քրիստոնեական արժեքների անվան տակ հայերը հաճախ հավատացել են կեղծ խոստումներին և ենթարկվել խաբեության։ Թեև տարբեր ժամանակներում եղել են դիմադրության և ապստամբության փորձեր, այնուամենայնիվ ժողովուրդը կրկին վերադարձել է նույն պատրանքներին՝ վստահելով արտաքին ուժերին եվ «բարեկամ» հարևաններին։
Հեղինակը ցավով նշում է, որ պատմության ընթացքում օտար ուժերը, օգտվելով հայ ժողովրդի վստահությունից ու թուլությունից, տիրացել են հայկական հողերին։ Այս դիտարկումները ներկայացվում են ոչ միայն որպես անցյալի քննություն, այլև որպես ներկայի համար կարևոր դաս՝ սեփական ուժը ճանաչելու, ազգային շահերը հստակ գիտակցելու և պատմական հիշողությունը չկորցնելու անհրաժեշտության մասին։
Այսպիսով, «Սերունդներ, ճանաչե՛ք ձեզ» պատգամը վերածվում է ոչ միայն գրական արտահայտության, այլ ազգային ինքնագիտակցության և քաղաքական սթափության հրամայականի։
