Վարնկաթաղում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ հակառակորդի նշանառության տակ գտնվելու պատճառով

  • by Western Armenia, 11 Հուլիսի, 2023 in Հասարակություն
63 դիտում

Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ ադրբեջանական դիրքերի դիտարկման տակ գտնվելու պատճառով։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Հրանտ Բախշիյանը՝ մանրամասնելով, որ գյուղի բնակիչներն այդ տարածքներն անվտանգ չեն համարում. «Անվտանգության նկատառումներից ելնելով, հողօգտագործողներն այդ տարածքները չեն կարողանում մշակել»։ 

Նրա տեղեկատվությամբ՝ այնուամենայնիվ գյուղամերձ հատվածներում այս տարի կարողացել են ինչ-որ չափով հացահատիկայինների ցանքս կատարել, բացի այդ նախորդ տարիների համեմատ ընդլայնել են բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները: «Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի ու Կարմիր խաչի կողմից ստացել ենք կարտոֆիլի և մի շարք մշակաբույսերի սերմեր։ Բնակիչ ունենք, ով կարողացել է կարտոֆիլի այնքան ցանքս կատարել, որ բերքի մի մասն իրացնում է հարևան բնակավայրերում, սակայն տրանսպորտային վառելիքի սղության պատճառով չի կարողանում նաև Ստեփանակերտ հասցնել»,- ներկայացրել է Հ․ Բախշիյանը: 

«Արցախպրես»-ի զրուցակցի խոսքով՝ Վարնկաթաղում հետպատերազմյան ժամանակահատվածում քիչ թվով բնակիչներ են զբաղվում անասնապահությամբ՝ ապահովելով իրենց ընտանիքների, որոշակիորեն նաև գյուղի պահանջարկը: Հրանտ Բախշիյանի գնահատմամբ՝ մեկնարկած խոտհարքի արդյունքները հույս են ներշնչում, որ ձմռանն անասնակերի պակաս չեն ունենա: