Արցախցի ուսուցչուհի Ռուզաննա Թարխանյանը Ստեփանակերտում թողել է իր տունը, սիրելի աշխատանքն ու հայրենիքի ամենաթանկ հիշողությունները։ Նա Երևան է եկել երեք երեխաների, փաստաթղթերի և անգլերենի մեկ բառարանի հետ։
Արցախում հիմնադրած «Tarkhanian’s English College» ուսումնական կենտրոնը պատերազմների և շրջափակման դժվարություններից հետո նա վերաբացել է Երևանում։ Այսօր Ռուզաննան երեք տեղ է աշխատում՝ երեխաներին ապահովելու և մասնագիտական գործունեությունը շարունակելու համար։ Նրա երազանքն է կրկին անվճար դասավանդել իր սիրելի աշակերտներին և երեխաների համար սեփական տանիք ունենալ։
Ուսուցչուհու սիրտը, սակայն, շարունակում է մնալ Արցախում՝ հատկապես հայրական Աստղաշեն գյուղում, որտեղից նա իր հետ բերել է փոքրիկ քարեր՝ թանկագին հուշեր հայրենիքից։
Արցախից հեռանալիս Ռուզաննան փակել էր տան դռներն ու պատուհանները՝ համոզված լինելով, որ վերադառնալու են։
«Ամեն օր մտածում եմ, որ ինչպես հանկարծակի դուրս եկանք Արցախից, այդպես էլ հետ ենք գնալու։ Ես դա զգում եմ… բայց համոզված եմ»,– ասում է նա։
