«Տատիկ-պապիկի» մոտ դարանակալած ադրբեջանցու կրակից 11-ամյա Կառլենը վիրավորում է  ստացել

  • by Western Armenia, 20 Փետրվարի, 2024 in Հասարակություն
49 դիտում

«Տատիկ-պապիկի» մոտ դարանակալած ադրբեջանցու կրակից 11-ամյա Կառլենը վիրավորում է  ստացել

Հնգօրյա պաշարումից հետո, Մարտակերտի ներքին ենթաշրջանի բնակչության տեղահանման համար սեպտեմբերի 23-ին բացվեց Մարտակերտ-Դրմբոն-Ստեփանակերտ միջշրջանային ճանապարհը։

Աղաբեկալանջ գյուղի բնակչուհի Իրինա Աղաբեկյանը այդ ժամանակահատվածի մասին խոսել է MediaHub լրատվական գործակալության հետ։ Նրա ընտանիքը ևս տուժել էր սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Նախքան Արևելյան Հայաստան տեղափոխվելը, շրջաններից տարհանված բնակիչները, այդ թվում՝ Իրինայի ընտանիքը, մի քանի օր մնացել են Իվանյանի օդանավակայանում, այնուհետև Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում։ 

Իրինայի դժվարությունները, սակայն, կրկնապատկվեցին այն ժամանակ, երբ զինադադարից հետո նրա որդին՝ 11-ամյա Կառլեն Սողոմոնյանը, վիրավորում ստացավ Ստեփանակերտում։ 

«Վերածննդի հրապարակում հայրս վատացավ։ Բժիշկ չկար, որ օգներ, հուսահատ վիճակում էի։ Այդ ժամանակ Կառլենը հրապարակում հեծանիվ էր քշում։ Տեսնելով, որ պապը վատացել է, առանց ժամանակ կորցնելու փորձում է օգնել։ Նկատել է, որ Կարմիր խաչի մեքենան անցնում է Ստեփանակերտի կենտրոնական պողոտայով։ Հեծանիվը քշել է մեքենայի հետևից, որ Կարմիր խաչի աշխատակիցներին տեղյակ պահի՝ օգնության հասնեն։ Հեծանիվով հասել է մինչև «Տատիկ-պապիկ»-ի հուշարձանի մոտ, հասկանալով, որ մեքենան չի նկատել և  չեն կանգնում, որոշել է հետ գալ։ Շրջադարձ անելու պահին հուշարձանի մոտ կայանված ադրբեջանական 2 մեքենայից կրակել են երեխայի ուղղությամբ, գնդակը կպել է ոտքին»,– պատմում է նա։ 

Մոր խոսքով՝ կրակելուց հետո Կառլենը սկզբից միայն տաքություն է զգացել ոտքի վրա, հետո նկատել է, որ արյուն է հոսում։ Այդ վիճակում երեխան հասել է հյուրանոցի տարածք։Հյուրանոցում մի տղամարդ վիրակապել է Կառլենի ոտքը։ Ամբողջ գիշեր արնահոսել է, բժիշկ  չի եղել։

Սեպտեմբերի 29-ին եկավ՝ Արցախը լքելու, Իրինայի հերթը։ Երևանից Ստեփանակերտ հասած ավտոբուսներով, արցախցի կինն իր մյուս հայրենակիցների հետ ևս հրաժեշտ տվեց ծննդավայրին ու եկավ Հայաստան։ 

Իրինա Աղաբեկյանի ընտանիքն ապրում է Արզնիում։ Կառլենի առողջական վիճակն այժմ բավարար է։ Դպրոց է հաճախում, ինտեգրվել է նոր միջավայրին։ Որդու հետ կատարվածը, մասնագիտությամբ իրավաբան Իրինան, ռազմական հանցագործություն է համարում, որի համար մինչ օրս ոչ մի միջազգային դատարան Ադրբեջանի վրա ճնշում չի գործադրել։