Ցեղասպանության հուշարձանը Քյոլնից չի հեռացվել

  • by Western Armenia, 08 Հունվարի, 2024 in Հասարակություն
74 դիտում

Լրատվամիջոցներում օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե Գերմանիայի Քյոլն քաղաքում ապամոնտաժվել է Հայոց ցեղասպանության հուշարձանը։ Նշվում էր, որ հուշարձանը հեռացրել է Քյոլնի քաղաքապետարանը՝ թուրք ազգայնականների ճնշմամբ։ Լրատվամիջոցները որպես տեղեկության սկզբնաղբյուր նշում էին գերմանական Welt լրատվական գործակալության հրապարակումը։ Սակայն դրանում գրված էր, ոչ թե որ հուշարձանը ապամոնտաժվել է, այլ ապագայում այն հեռացնելու՝ Քյոլնի քաղաքապետի վերջնական որոշման մասին։ 

Հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը նվիրված «Այս ցավը բոլորինս է» հուշարձանը տեղարդվել է Քյոլնում 2018-ի ապրիլի 15-ին «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության կողմից։ Այն կանգնեցվել է քաղաքի կենտրոնի խորհրդանշական վայրում՝ կայսր Վիլհելմ II-ի արձանի մոտ, որը ևս մեղադրվում է ցեղասպանությունների իրագործման մեջ։

Հուշարձանը տեղադրվել էր առանց Քյոլնի քաղաքային իշխանությունների թույլտվության։ Տեղադրումից չորս օր անց՝ 2018-ի ապրիլի 19-ին, քաղաքապետարանի որոշմամբ հուշարձանը ապամոնտաժվել էր։ Ամեն տարի ապրիլին հուշարձանը ժամանակավորապես տեղադրվում էր և հանվում շաբաթներ անց։ 2023-ի ապրիլին նախաձեռնող խմբին հաջողվել էր Քյոլնի կենտրոնական շրջանի ավագանու աջակցությամբ քաղաքապետարանից ստանալ հուշարձանը մեկ ամսով տեղադրելու թույլտվություն։

Քաղաքապետարանը, թույլտվության ժամկետը լրանալուց հետո՝ մայիսին, իսկ այնուհետև հուլիսին, փորձել էր հեռացնել հուշարձանը: Երկու դեպքում էլ նախաձեռնող խմբի և աջակիցների կազմակերպած բողոքի ցույցերի շնորհիվ հուշարձանը չէր հեռացվել, և այն մինչ օրս իր տեղում է։

 Հուշարձանի ապամոնտաժված լինելու լուրը լրագրողների հետ զրույցում  հերքեց «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության անդամ Իլիաս Հացպանեանը՝ նշելով, որ հուշարձանն առնվազն մինչև 2024-ի գարուն կմնա իր տեղում։

«Արդեն մեկ տարի է՝ հուշարձանն իր տեղում է։ Քաղաքապետարանը հուշարձանը նախկինում հեռացրել է երկու անգամ՝ 2018-ին և 2022-ին։ Ներկայում ապամոնտաժման տարածվող լուսանկարները հենց այդ ժամանակ են արվել»,- հայտնեց Հացպանեանը։

Քյոլնի քաղաքապետարանը ցանկանում է նոր հուշահամալիր ստեղծել՝ «ոգեկոչելու բռնության, ռասիզմի և մարդու իրավունքների ոտնահարման զոհերի հիշատակը»։ Սակայն «Հիշի՛ր ցեղասպանությունը» նախաձեռնությունը պայքարում է, որ մինչև նոր հուշահամալիրի կառուցումը, ինչը տարիներ կտևի, հին հուշարձանը շարունակի մնալ իր տեղում։

«2024-ի փետրվար-մարտին հանձնաժողով պետք է ձևավորվի, որը պետք է որոշի հուշահարձանի հետագա ճակատագիրը և քննարկի նոր հուշահամալիրի կառուցման նախագիծը։ Մենք պնդում ենք, որ մինչև նորի կառուցումը հինը չպետք է հեռացվի»,- ասել է Հացպանեանը։ Ավելի վաղ ապամոնտաժման լուրը հերքել էր Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ․Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։ Հացպանեանի տրամադրած լուսանկարը փաստում է, որ հուշարձանը չի հեռացվել

Այսպիսով, տեղեկությունը թե Քյոլնում ապամոնտաժվել է Հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը նվիրված հուշարձանը, կեղծ է, իսկ տարածված լուսանկարները՝ հին։