2026 թվականի սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել Հերմինե Ավագյանի և ֆրանսիացի փիլիսոփա Ուլիս Մանժեսի համահեղինակած՝ հայերեն-ֆրանսերեն «Նամակներ դրախտից» երկլեզու գրքի շնորհանդեսը՝ «Արցախը՝ հայրենիքս» խորագրով։ Գիրքը լույս է ընծայել «Newmag» հրատարակչությունը։
Գրական երեկոյի ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքի, հիշողության, կորստի և վերադարձի թեմաներին։ Նամակների միջոցով Հերմինե Ավագյանը ներկայացրել է իր ծննդավայր՝ Աշան գյուղի կյանքը, մանկության հուշերն ու Արցախի մարդկային և մշակութային աշխարհը՝ ընդգծելով, որ հայրենիքը միայն պատերազմի ու կորստի պատմություն չէ, այլև ընտանիքի ջերմություն, պոեզիա և երազանքներ։
Հեղինակների համար նամակագրությունը նաև երկու մշակույթների միջև կամուրջ է՝ ֆրանսիացի ընթերցողներին հնարավորություն տալով Արցախը ճանաչելու որպես մարդկանց տուն և կենդանի պատմություն։
Գրքի շնորհանդեսի ընթացքում կարևորվել է Արցախի մշակութային ժառանգության և պատմական հիշողության պահպանումը՝ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 120 հազար արցախահայերի բռնի տեղահանության համատեքստում։ Հերմինե Ավագյանի խոսքով՝ իրական խաղաղությունը ենթադրում է ոչ միայն դիվանագիտական հայտարարություններ, այլև հայրենիք վերադառնալու իրավունք, պատմական հիշողության պահպանում և արդարություն։
«Նամակներ դրախտից» գիրքը բռնի տեղահանված արցախահայության ձայնը միջազգային հանրությանը հասցնելու և հայրենիքի հիշողությունը գրականության միջոցով պահպանելու փորձ է։
