Քեսապի լատինական վանական համալիրը և Ուսումնասիրաց բարձրագույն վարժարանը

  • by Editbeglari, 04 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
177 դիտում

Քեսապում լատինական համայնքի ձևավորման գործում կարևոր դեր է ունեցել Ֆրանցիսկյան միաբանության «Թերրա Սանթա» առաքելությունը։ Հայր Սաբատինո Դել Կայծոյի նախաձեռնությամբ այստեղ կառուցվել են վանք, եկեղեցի և դպրոց։ 1909 թվականի աղետի ժամանակ նա մնացել է Քեսապի բնակչության կողքին՝ աջակցելով կանանց ու երեխաների անվտանգ տեղափոխմանը և հետագայում մասնակցելով վերակառուցման աշխատանքներին։

1925 թվականին ավարտվել է Քեսապի նոր վանական համալիրի շինարարությունը, որը ներառում էր Սուրբ Միքայել եկեղեցին, վանատունը և երկհարկանի դպրոցը։ Դպրոցում ուսուցումը իրականացվում էր հայերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով։ Հայր Սաբատինոն նաև հետաքրքրված էր Քեսապի պատմությամբ ու հնագիտությամբ և աջակցել է շրջանի հնագիտական ուսումնասիրություններին։

Այս ժամանակաշրջանում Քեսապում գործում էր նաև Ուսումնասիրաց բարձրագույն վարժարանը՝ Սիրիայի և Լիբանանի հայկական բարձրագույն կրթության կարևոր կենտրոններից մեկը։ 1924-1927 թվականներին դպրոցում սովորել է 53 աշակերտ, որոնցից յոթը ստացել են ֆրանսիական կրթական ծրագրի երկրորդ բակալավրի վկայական և շարունակել ուսումը Ֆրանսիայի համալսարաններում։

Սակայն դպրոցը բախվում էր ֆինանսական և ուսուցչական լուրջ դժվարությունների։ 1927-1928 ուսումնական տարում աշակերտների թիվը նվազել է մինչև 35-ի, իսկ հաջորդ կիսամյակում՝ 27-ի։ Ուսումնասիրաց ընկերությունը դիմել է տարբեր երկրների քեսապահայերին՝ հանգանակություններ կազմակերպելու և վարժարանին աջակցելու կոչով։

Դպրոցի զարգացման գործում մեծ դեր են ունեցել տնօրեններ Հակոբ Աթիկյանը և Ժոզեֆ Հեքիմյանը։ Նրանց նվիրումով Ուսումնասիրաց բարձրագույն վարժարանը շարունակել է կրթել նոր սերունդ՝ դժվարին հետպատերազմյան տարիներին պահպանելով Քեսապի կրթական և ազգային կյանքի կարևոր օջախներից մեկը։