ՔՀԿ-ները զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի ՝ “Խոշտանգումների դեմ կոմիտեին”՝ Բաքվի “5-րդ դիտարկմանն” ընդառաջ

  • by Western Armenia, 29 Մարտի, 2024 in Հասարակություն
19 դիտում

“Ժողովրդավարության զարգացման” հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանությունն՝  առանց սահմանների» ՀԿ-ն, “ Թրանսփարենսի Ինթերնեշընըլ” հակակոռուպցիոն կենտրոնը, “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ՝ Վանաձորի գրասենյակը” ,” Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը”  և “Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը”   համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի ՝ “Խոշտանգումների դեմ կոմիտեին”՝ Բաքվի՝  5-րդ պարբերական զեկույցի դիտարկմանն ընդառաջ։ 

ՄԱԿ-ի ՝ “Խոշտանգումների դեմ կոմիտեն “ 10 անկախ փորձագետներից բաղկացած մարմին է, որը վերահսկում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կատարումը մասնակից պետությունների կողմից: Կոմիտեն պատասխանատվության է ենթարկում պետություններին՝ մարդու իրավունքների խախտումների համար՝ քննության առնելով խոշտանգումների մասին հաղորդումները։ 

Քաղհասարակության կազմակերպությունների զեկույցը վերաբերում է խոշտանգումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ՝ Բաքվի պարտավորությունների կատարմանը, մասնավորապես հայերի նկատմամբ էթնիկ խտրականության հիմքով կատարված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերին։ 

«Վերջին դիտարկումից հետո Բաքվում մարդու իրավունքների վիճակը զգալիորեն վատթարացել է։ Ի լրումն այլակարծության,  ԶԼՄ-ների նկատմամբ խիստ ճնշումների, հիմնարար ազատությունների անհամաչափ սահմանափակումների, խոշտանգումների և ներքին կամայական կալանավորման պրակտիկայի՝ Բաքուն  մի շարք ռազմական հարձակումներ է իրականացրել Արցախի և Հայաստանի դեմ: Ուժի կիրառումը զուգորդվել է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, այդ թվում՝ խոշտանգումներով, Արցախի՝  9 ամիս տևած շրջափակմամբ, տեղի հայ բնակչության ահաբեկմամբ, ինչը 2023 թվականի սեպտեմբերին հանգեցրել է Արցախի հայ բնակչության բռնի տեղահանմանը»,- ասված է զեկույցում։ 

Զեկույցում կազմակերպությունները ներառել են մի շարք առաջարկություններ՝ Բաքվի պարտավորությունների կատարման վերաբերյալ՝  մասնավորապես  պահանջելով անհապաղ հայրենադարձնել  Բաքվում  պահվող բոլոր հայ գերիներին, իրականացնել անկախ, հրատապ  քննություն՝  հայ գերիների սպանությունների, խոշտանգումների և նրանց նկատմաբ դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ 2020-2023 թվականների ռազմական գործողությունների համատեքստում, պատասխանատվության ենթարկել այդ խոշտանգումների համար մեղավորներին և տրամադրել լրացուցիչ հստակ տեղեկություններ ենթադրյալ խոշտանգումների և  դաժան վերաբերմունքի դեպքերի քննությանն ուղղված քայլերի վերաբերյալ, ինչպես նաև հայ գերիների համար ապահովել կապն իրենց ընտրած  փաստաբանի, ընտանիքի անդամների հետ։