Արեւմտյան Հայաստանի զավակները.Էրիկ Եգանյան

  • by Western Armenia, 23 Օգոստոսի, 2023 in Հասարակություն
133 դիտում

Էրիկ Եգանյանը 2011-ից ծառայում էր Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումում՝ հետախույզ էր։ Արցախի 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա տանն էր։ Ընկերները պատմում էն, որ Էրիկը պետք է մեկներ արտերկիր՝ խաղաղապահ առաքելությամբ, բայց քանի որ երկրից բացակայելու օրերը համընկնելու էին դստեր ծննդյան օրվան, նախընտրել էր մնալ Հայաստանում։ Երբ սկսվել է պատերազմը, հրամանատարությունից զանգել ու ասել են, որ իրերը հավաքի և գնա զորամաս։ Ընտանիքի անդամներն այդպես էլ չեն իմացել, թե Էրիկն առաջնագծի որ հատվածում է։ Հոկտեմբերի 21-ին հարազատներն այլևս չեն կարողացել Էրիկի հետ կապ հաստատել։ Անհանգստացել են, քանի որ նա օրվա ընթացքում մի քանի անգամ զանգել է հարազատներին, կասկածել են, որ Էրիկը վիրավոր է։ Էրիկը զոհվել է հոկտեմբերի 21-ին, ժամը 14:30-ի սահմաններում, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մոտակայքում։ Ընտանիքն Էրիկի մարմինը գտել է զոհվելուց մեկ շաբաթ անց։ Էրիկի կողքին է եղել նրա ընկերը՝ Ալիկ Մանուկյանը։ Նրանք խաղաղապահ ուժերում միասին էին ծառայում։ Դրախտիկ գյուղի դիրքերում հայտնվել են շրջափակման մեջ, թշնամու հետ դեմ առ դեմ մարտ վարել։ Եղել են 4 հոգով՝ հրամանատար Արտակ Տոնոյանը, Ալիկ Մանուկյանը, Էրիկը, փոխգնդապետ Սերգեյ Ավետիսյանը, որը մեքենայի ղեկին էր։ Ալիկը ոտքից է վիրավորվել, հրամանատարը՝ ձեռքից, իսկ Էրիկի ստացած վիրավորումը մահացու է եղել, քանի որ փամփուշտը վնասել է ներքին օրգանները։ Օգնության եկած զինվորները վիրավորներին հանել են շրջափակումից: Նրանց տեղափոխել են Կարմիր Շուկայի հոսպիտալ, ապա՝ Ստեփանակերտ։ Որոշ ժամանակ անց ընկերները Էրիկի մարմինը դուրս են բերել իրենց դիրքից եւ տեղափոխել Կարմիր Շուկայի հոսպիտալ: 40-ամյա Էրիկ Եգանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։