Արեւմտյան Հայաստան․ Ոճիրը 100 տարի անց շարունակվում է

  • by Western Armenia, 15 Փետրվարի, 2023 in Հասարակություն
184 դիտում

Ուժգին երկրաշարժից հետո այսօրվա դրությամբ պաշտոնապես հաղորդվում է 30 հազարից ավելի զոհերի մասին։ Փլատակների տակ հարյուր հազարավոր մարդիկ են մնացել, եւ զոհերի թիվը մի քանի անգամ մեծանալու է։ Վիրավորները, անտուն մնացածները հաշվվում են միլիոններով։ Ամբողջ բնակավայրեր հողին են հավասարվել եւ ենթակա չեն վերականգնման։ Համաշխարհային մամուլը նշում է, որ Անգորայի ռեժիմն անհրաժեշտ ու բավարար ծավալի քայլեր չի ձեռնարկում։ Շատ բնակավայրերում բնակիչները փորձում են իրենց ուժերով լուծել խնդիրները։ Թալանի ու դիակապտության դեպքեր են գրանցվում։ Միեւնույն ժամանակ, հայտնվում է ինչ որ խմբերի մասին, որոնք սպառնում են օտարերկրյա փրկարար առաքելություններին։ Գերմանիսյի ու Ավստրիայի փրկարար խմբերը ստիպված են եղել հեռանալ աղետի գոտուց։

Համաշխարհային մամուլն անդրադարձել է նաեւ շինարարության որակի եւ դրա վերահսկողության խնդիրներին։ Նշվում է, որ այս ոլորտում կոռուպցիոն շղթան հասնում է իշխող կուսակցությանը, ընդհուպ՝ Էրդողանի ընտանիքի անդամներին ու մերձավորներին, որոնք լայն ներգրավվածություն ունեն շինարարական բիզնեսին։ Թուրքիայում Էրդողանի կառավարման ընթացքում «շինարարական համաներում» է հայտարարվել, ըստ մամուլի՝ այդպիսով շինարարական կազմակերպություններն ազատվել են որակի եւ չափանիշների պահպանման խախտումները շտկելու եւ դրանց դիմաց բարձր տուգանքների պարտադրանքից։ Ուշագրավ է, որ եւս մեկ նման համաներում, ըստ մամուլի տեղեկությունների, պատրաստվում էր երկրաշարժի նախօրեին։ Երկրաշարժը հերձեց «Թուրքիան» երկարությամբ ու խորությամբ։ Հայկական անունները նորից հնչեցին, չնայած հայ մամուլի՝ բութ համառությամբ ամեն քաղաքի անվանման սկզբում «թուրքական» շեշտադրմանը։ Հատկանշական է, որ ինքը Էրդողանը Արեւմտյան Հայաստանի քաղաքների փլատակների վրա խոսեց Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական պատերազմին իր մասնակցությունը, իսկ օգնություն ուղարկած երկրների շարքին Հայաստանը չնշեց։ Հատկանշական է նաեւ երկրաշարժից հետո Հայաստանի դեմ Ռուսաստանի թշնամական քարոզչության եւ գործողությունների ինտենսիվացումը։

Արեւմտյան Հայաստանի հարցը ռուսները փորձեցին «փակել» 1919 թ․ Լենին-Աթաթուրք պակտով։ Մոսկվան ոսկով, զենքով, ցորենով, արտաքին դիվանագիտական ջանքերով սկսում էր կերտել ժամանակակից Թուրքիան հայկական արյան ու տարածքների վրա։ Բուդյոննիի եւ Ֆրունզեի հրամանատարությամբ ռուսական զորքերը 1919-1923 թվականներին քեմալականների հետ ձեռք-ձեռքի հարյուր հազարավոր հայեր են սպանել Կարսից ու Գյումրիից մինչեւ Զմուռնիա (Իզմիր): 1920-ին օկուպացվեց Հայաստանի Հանրապետությունը, 1921-ի Մոսկվայի նախաձեռնությամբ ռուս-թուրքական պայմանագրերով ՀՀ տարածքի գերակշիռ մասն անցավ ռուսների կերտած Թուրքիային եւ ռուսների մեկ այլ հոգեզավակի՝ «Ադրբեջանին»։ Հարյուրամյա ծրագիրը շարունակվում է՝ մինչեւ Հայաստանի լիակատար ոչնչացումը եւ հայերի լիակատար բնաջնջումը հայկական բնօրրանից։ Արցախում, ՀՀ այլ շրջաններում դա է կատարվում։ Չնայած Մոսկվայի ու Անգորայի եւ նրանց խամաճիկ հայկական վարչակարգերի ջանքերին, Արեւմտյան Հայաստանը կա՝ հայկական իրավունքների հաստ փաթեթը ոչ մի տեղ չի կորել։ Մալաթիա, Ուռհա, Տիգրանակերտ, Քիլիս, Թիլ Արմեն, Այնթապ, Մարաշ, Վան, Կիլիկիա, միլիոնավոր ծագումով հայեր՝ թրքախոս, իսլամացած, քրդացած, ալավի՝ սպասում են հայկական պետականության եւ «Թուրքիայի» իսկական անվան վերադարձին։ Սա պիտի լինի հայության միջազգային դերակատարության ու քաղաքակրթական պատասխանատվության հայտը։ Սրա այլընտրանքը նկարագրված է վերեւի պարբերությունում։