Արցախի քաղաքաշինության ոլորտում նոր ծրագրերի իրականացումը շրջափակման պատճառով անորոշ է մնում

  • by Western Armenia, 13 Փետրվարի, 2023 in Հասարակություն
95 դիտում

Ադրբեջանի կողմից Արցախը Գորիսի տարածաշրջանին կապող կյանքի ճանապարհի փակման հետևանքով Արցախի քաղաքաշինության ոլորտը ամեն օր շարունակում է մեծ վնասներ կրել։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը։ 

«Վառելիքի և աշխատուժի Գորիսի տարածաշրջանով Արցախ տեղափոխելու հետ կապված խնդիրների պատճառով ոլորտում այս պահին գրեթե բոլոր ծրագրերը կասեցված են։ ՀՀ-ից էր ներկրվում նաև իրականացվող շինաշխատանքների համար նախատեսված շինանյութի մեծ մասը։ Էլեկտրաէներգիայի խափանումներն էլ իրենց հերթին թույլ չեն տալիս պլանավորված աշխատել»,- նշել է Ա. Գասպարյանը։

Ա. Գասպարյանն ընդգծում է՝ եթե շրջափակումը  շարունակվի, 1-2 ամիս անց   բոլոր շինաշխատանքներն ամբողջությամբ կդադարեցվեն։

Ըստ Արամ Գասպարյանի` 2023 թվականին նախատեսվում էր շահագործման հանձնել մոտ 800 բնակարան կամ առանձնատուն։ 

Արևմտյան Հայաստանը դատապարտելով Ադրբջանական ագրեսիվ գործողությունները, որի պատճառով փակ է Արցախը գորիսի տարածաշրջանին կապող ճանապարհը, միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այսօրինակ դեպքի վրա, շեշտադրելով ադրբեջանական ռասիստական քաղաքականությունը։ Արցախում ապրող բնիկ հայերը ունեն բոլոր իրավունքները շարունակելու ապրել իրենց հայրենիքում, անկախ նրանից, թե Ալիևի ռեժիմը ցանկանում են թե ոչ։