Արևելյան Հայաստանի ՄԻՊ-ը Թբիլիսիում անցկացվող համաժողովում անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն  հարցերին

  • by Western Armenia, 02 Դեկտեմբերի, 2023 in Հասարակություն
89 դիտում

Արևելյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցով Վրաստանում է: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Դեկտեմբերի 1-ին նա մասնակցել է իրավունքի գերակայության և բոլորի համար արդարադատության մատչելիության բարելավման՝ Թբիլիսիի տարածաշրջանային համաժողովին և դրա շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը, որին ներկա են եղել միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպաններ։ Գերմանիայի կառավարության աջակցությամբ ՄԱԶԾ-ի վրաստանյան գրասենյակի կազմակերպած միջոցառման նպատակն էր գնահատել իրավունքի գերակայության տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները Արևելյան Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, այդ թվում` տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում։

Համաժողովի շրջանակներում քննարկվել են բոլորի համար արդարադատության մատչելիության ապահովման և խոցելի համայնքների պաշտպանության հետ կապված հարցեր, ներկայացվել է նշված բնագավառներում մասնակից երկրների փորձը։ Իր ելույթում Անահիտ Մանասյանը խոսել է Արևելյան Հայաստանի սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների մասին։ Պաշտպանը տարածաշրջանային համաժողովի մասնակից գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի նոր նախաձեռնություններին:

Թբիլիսի այցի շրջանակներում նախատեսված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ: