Արևմտյան Հայաստանի զավակները․ Վարդան Ամալյան

  • by Western Armenia, 30 Նոյեմբերի, 2023 in Հասարակություն
115 դիտում

Նա ծնվեց իր նախնյաց՝ Մշո Էրգրի պատկերը հոգում: Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի և երգչուհի Արմինե Ամալյանի առաջնեկն էր: Ժառանգեց իր քեռու ու Շուշին ազատագրած հերոսի՝ Վարդան Ստեփանյանի (Դուշման) անունը:Վարդան Ամալյանն անմահացավ Արցախյան երրորդ պատերազմում՝ Շուշիի համար մղվող ծանր մարտերում: Այժմ նա Անմահների գնդում է`Եռաբլուրում՝ հենց Դուշման Վարդանի կողքին։

Վարդանի  տարերքը ֆուտբոլն էր ու բավական լավ էր խաղում։ Համատեղության կարգով պատանի տարիքում զբաղվում էր նաև լողով, գնում էր կարատեի, հետո՝ ըմբշամարտ՝ սպորտը նրա տարերքն էր։ Բայց այս ամենի հետ, դեռևս տասը տարեկանից, Վարդանը գրում էր․․․ Տպագրվում էր պատանիների ամսագրերում, նույնիսկ գիրք տպվեց․ 2013-ին «Անդին» ամսագրում տպագրվեց Վարդան Ամալյանի «Մտացրիվ»-ը․ նա ընդամենը 12 տարեկան էր։ Այնուհետև, 2014-ին, նույն «Անդին»-ում՝ «Անվերնագիրը»։ Նույն թվին, «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում տպագրվեց նոր գործը՝ «Վարդը, որն աճել էր բետոնի մեջ»։ Իսկ 2016-ին, նրա 15-ամյակին, արդեն տպվեց ամբողջական գիրքը՝ բոլոր, այդ պահին առկա գործերով։ Վարդանը ստեղծագործել է ընդամենը 3 տարի ու 15 տարեկանում դադարել է գրել... Նրա գրած պատմվածքները խորհրդավոր ու մեծ ուժ պարունակող, ոչ մեկին չնմանվող պատմվածքներ են: Ի՞նչը կարող էր ստիպել պատանուն արտահայտելու մանկական տարիքից դուրս խոհափիլիսոփայական մտքեր, մտածել Աստծո արարչագործության, մարդկային հոգիների անկատարության, գլոբալիստական ուժերի՝ աշխարհին նետած հոգևոր մարտահրավերների, կյանքի ու մահվան, չարի ու բարու մասին: Այս ինքնատիպ պատանին, որ գուցե պիտի իր խոսքն ասեր որպես փիլիսոփա աստվածաբան, գնաց իր մեծ անվանակցի ճանապարհով, դարձավ հերոս՝ Հայրենիքը լուռ սիրելով: