Բնական գազ Ջավախքի Գորելովկա գյուղում. «Հավանականություն կա, որոշում չկա»

  • by Western Armenia, 18 Մարտի, 2023 in Հասարակություն
100 դիտում

Ջավախքի՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակիչները դադարել են հավատալ, որ երբևէ իրենց տներում կլինի բնական գազ։ Գորելովկայում բնական գազի առկայությամբ հետաքրքրված են և՛ գյուղացիները, և՛ գազաբաշխիչ SJGC ընկերությունը, և՛ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը, սակայն, չնայած դրան, դեռևս իրական արդյունքներ չկան։

Գյուղի բնակիչները պատրաստ են նույնիսկ իրենց միջոցներով գլխավոր գազատարը կառուցել, միայն թե ունենան բնական գազ։ Նրանք արդեն հոգնել են վառելափայտից ու աթարից։

Շատ դժվար է պարզել, թե ինչու գազը չի բերվել Գորելովկա, քանի որ կոնկրետ պատճառները մնում են չճշտված։ Անցյալ տարի գազիֆիկացման համար հատկացված 600 հազար լարի գումարը Նինոծմինդայի քաղաքապետարանը ծախսել է այլ աշխատանքների համար։

Գյուղի գազիֆիկացման հարցը բաց է մնում, քանի որ գազիֆիկացման նախագծի առկայությունը հույս է տալիս, սակայն վերջնական որոշման և կոնկրետ քայլերի բացակայությունը հիասթափեցնում է բնակչությանը։