«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա

  • by Western Armenia, 04 Սեպտեմբերի, 2023 in Հասարակություն
138 դիտում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների բազմակի խախտման և ոտնահարման փաստերի վրա

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի Արձանագրությունը, ի լրումն Կոնվենցիայի I Բաժնի, սահմանում է նաև.

  • գույքից անարգել օգտվելու իրավունք, սակայն Ադրբեջանի կողմից գյուղատնտեսական աշխատանքների թիրախավորումը անհնար է դարձնում վարելահողերի և գյուղատնտեսական տեխնիկայի անարգել և անվտանգ շահագործումը,
  • կոնվենցիան հավելում է նաև կրթության իրավունքի ապահովումը, մինչդեռ Արցախում ստեղծված հումանիտար աղետը անհնար է դարձնում կրթության իրավունքի անխոչընդոտ իրացումը։

Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը 2022թ.-ի դեկտեմբերի 21-ի որոշմամբ Բաքվին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, իսկ 2023թ.-ի հուլիսի 17-ին վերահաստատել, որ նախկին որոշումն ուժի մեջ է:

Այս ամենով հանդերձ,

Կոչ ենք անում միջազգային հանրությանը.

  • ճնշում գործադրել Բաքվի վրա՝ կանխելու 21-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը՝ 120 հազար հայերի էթնիկ զտումը,
  • գործուն քայլեր ձեռնարկել Բերձորի ճանապարհով մարդկանց և բեռների երկկողմ անխափան տեղափոխությունն ապահովելու, կենսագործունեության արժանապատիվ պայմանների ստեղծման և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու միջազգային այլ փաստաթղթերով սահմանված Արցախի բնիկ հայության իրավունքների և ազատությունների լիակատար ապահովման համար։

Կոչ ենք անում Բաքվի իշխանություններին.

  • հարգել և կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունները,
  • կատարել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ ապահովել Բերձորի ճանապարհով անխափան տեղաշարժը և նպաստել ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձին Արցախ և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո,
  • կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022թ.-ի դեկտեմբերի 21-ի որոշումը և ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Բերձորի ճանապարհով տեղաշարժը»: