Երախտաշատ գրականագետը Ջավախք աշխարհից․Լևոն Մկրտչյան

  • by Western Armenia, 03 Մարտի, 2023 in Հասարակություն
83 դիտում

Հնարավո՞ր է, արդյոք, պատկերացնել հայոց մշակութային ամբողջական դաշտն առանց Ջավախքում ծնված մեծերի՝ առանց Դերենիկ Դեմիրճյանի ու Վահան Տերյանի, առանց Ջիվանու եւ Հավասու:  Բայց Ջավախքում կա մի քաղաք, որ մեր ժողովրդին է պարգեւել Շառլ Ազնավուր, Վարդգես Սուրենյանց, Հակոբ Կոջոյան, Լուսինե Զաքարյան, ու էլի երեւելիներ: Քաղաքն այդ կոչվում է Ախալցխա։  Այստեղ է ծնվել նաեւ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Մկրտչյանը: Մեծ է Լևոն Մկրտչյանի ներդրումը հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության, թարգմանության ու մասսայականացման գործում: Գրականագետը ռուսերեն է հրատարակել միջնադարյան բանաստեղծներ Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Կոստանդին Երզնկացու, Դավթակ Քերթողի առանձին ժողովածուները, «Սասունցի Դավիթ» էպոսը, 19-20-րդ դարերի հայ դասական եւ ժամանակակից բանաստեղծների՝ Թումանյան, Իսահակյան, Սահյան և այլոց ստեղծագործությունները։

Ակադեմիկոսը թողել է նաեւ ինքնակենսագրական արձակ ստեղծագործություններ: Որպես թարգմանության տեսաբան՝ լայն ճանաչման է արժանացել նախկին Միությունում, նրա սահմաններից դուրս: Նրա նախաձեռնությամբ է մեզանում վերականգնվել Թարգմանչաց տոնը, որը խաթարվել էր տասնամյակներ շարունակ: