Հայկական ինքնություն․ Դերսիմ (Մաս չորրորդ)

  • by Western Armenia, 16 Մարտի, 2023 in Հասարակություն
129 դիտում

Չնայած Թուրքական պետության սահմանադրությամբ ժամանակակից թուրքական պետությունում ազգություններ չկան, իրականում էթնիկ առումով  օկուպացված Արևմտյան Հայաստանը աշխարհի ամենախայտաբղետ երկիրն է: 

Խնդիրը, սակայն, միայն երկրի բազմազգությունը չէ: Մինչ օրս շատ էթնիկ խմբերի շուրջ տարակարծություններ կան, թե ովքեր են, երբ են հայտնվել պատմության թատերաբեմում, ինչ ծագում ունեն… Թե՛ պատմամշակութային, թե՛ էթնիկ առումով օկուպացված Արևմտյան Հայաստանի տարածքը թվում է՝ լավ է ուսումնասիրված, սակայն օրեցօր ի հայտ եկող խնդիրները ցույց են տալիս, որ ավելի մանրակրկիտ հետազոտությունների կարիք կա: Այս առումով կարևոր է ալևիների/արևիների ծագումնաբանությունը, նրանց սովորույթները, կենցաղն ու կյանքն ուսումնասիրելը, քանզի նրանք ապրում են հայոց պատմական հայրենիքի տարածքում, և ալևիների/արևիների հայկական ծագման մասին վարկածը, թերևս, ամենից մոտն է իրականությանը:

Որքան էլ զարմանալի է, ալևիների հայկական ծագման մասին, չնայած իր թուրքամետ դիրքորոշմանը, տարիներ առաջ համարձակ հայտարարություն արեց Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Աթեշյանը` ասելով, թե Թուրքիայի ալևիների/արևիների 90 տոկոսը հայ են: Կարծում եմ` սա քաղաքական ենթատեքստ ուներ և արվեց թուրքական իշխանությունների ճնշմամբ ու պատվերով, որպեսզի թուրք ազգայնամոլների շրջանում հերթական հիստերիան բարձրանա ալևիների նկատմամբ: Ալևիների/Արևիների թվաքանակի մասին հակասական տվյալներ կան. 3 միլիոնից մինչ 20 միլիոն: Ամենավառ երևակայությամբ անգամ դժվար է պատկերացնել, որ ժամանակակից Թուրքական պետության բնակչության քառորդ մասն ալևի է:

Շատերը նրանց առանձին էթնիկ խումբ են համարում և կարծում են, որ նրանք հայերից, քրդերից, թուրքերից համասերված ու նոր ձևավորված ժողովուրդ են: Իրենք` ալևիներն իրենց դասակարգում են այդ խմբերով՝ զազա ալևի, թուրք ալևի, քուրդ ալևի, հայ ալևի: Այսօր թուրքական իշխանությունները ճնշումներ ու բռնարարքներ են գործադրում ալևիների նկատմամբ՝ վարելով ազգային զտման քաղաքականություն, ինչը անպատասխան չի մնում. ալևիներն ըմբոստանում են:

Ցայտուն են հակասություններն ալևիների և սուննի թուրքերի միջև, ինչը բազմիցս արյունահեղ բախումների տեղիք է տվել: Հատկապես XX դարի 70-ական թթ. մի շարք արյունահեղ բախումներ են եղել: Ընդ որում, թուրքական իշխանություններն անթաքույց խրախուսում են սուննի թուրքերին՝ հրահրելով նման բախումներ: Մասնավորապես, 1978 թ. Մալաթիայում, Մարաշում և Սվազում լուրջ բախումներ եղան, հարյուրավոր ալևիներ զոհվեցին, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Թուրքական մզկիթներում մոլլաներն ալևիների դեմ ջիհադի՝ սրբազան պատերազմի կոչեր էին անում: Պետության կողմից այս ճնշումն ալևիներին ստիպեց ավելի համախմբվել, հանդես գալ ոչ միայն որպես համայնք, այլև՝ քաղաքական միավոր, ինչը փաստի առաջ կանգնեցրեց թուրքական իշխանություններին: Մանավանդ այսօր, երբ ալևիների և քրդերի դաշինքի ուրվագիծն ավելի ու ավելի հստակ է դառնում:

Ուշագրավ է, որ ալևիներն իրենց ազգային միասնության անհրաժեշտ բաղադրիչը չունեն. խոսում են տարբեր լեզուներով: Բայց հետզհետե մեծանում է այն մարդկանց զանգվածը, որոնք իրենց ալևի են համարում: Ուսումնասիրողներն ալևիներին դիտում են ոչ թե որպես ազգություն, այլ կրոնական համայնք: Դրանից է բխում այն պնդումը, թե ալևիների բացարձակ մեծամասնությունը ծագումով թուրք է: Սխալը գալիս է նրանից, որ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ երկրում ազգային փոքրամասնություններ չկան, կան կրոնական համայնքներ:

Ի դեպ, եթե ալևիներն/արևիներն առաջ իրենց պայքարը մղում էին՝ գաղափարական հիմքում դնելով սոցիալիզմի գաղափարը, այժմ արդեն բացեիբաց պայքար են մղում առանձին համայնք դառնալու և որպես առանձին ազգային-կրոնական միավոր հանդես գալու համար:

Դեռևս նախորդ դարասկզբին՝ 1920-30-ական թթ., երբ բռնկվեց Դերսիմի ապստամբությունը` Սայիդ Ռզայի գլխավորությամբ, դարձյալ կրոնական որևէ խնդիր չէր արծարծվում: Ավելին, ալևիները, քրդերը, հայերը միասնաբար կռիվ էին տալիս թուրքական տիրապետության դեմ: Հետևանքն այն էր, որ մոտ 70 հազար դերսիմցի յաթաղանի զոհ դարձավ: 

Իսկ ինչու՞ զոհվեցին

Դերսիմի նահանգն ընկած է Բարձր Հայքի արևմտյան մասում` Էրզրումի, Խարբերդի և Տիգրանակերտի միջև: Ըստ վիճակագրական աղբյուրների` Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին բնակչության թիվը հասել է 200 հազարի, որի 45 %-ը կազմել են հայերը, իսկ մնացածը` ալևի քրդերը և զազաները, որոնք հայերի հետ ապրում էին հաշտ ու խաղաղ: Պետք է նշել, որ Դերսիմի ընտրությունը պատահական չէր` Դերսիմն այն եզակի շրջաններից էր, որ 1915 թ. ցեղասպանության ժամանակ ապաստան տվեց թուրքական յաթաղանից մազապուրծ հազարավոր հայերի: Այնպես որ Դերսիմի հարցը թուրքական կառավարության համար նաև «հայկական բաղադրիչ» ուներ: Դեռևս 1921 թ. գարնանը թուրքական կառավարությանը հաջողվեց ճնշել առաջին խռովությունը Քոչքիրի-Դերսիմ շրջանում, սակայն այն չկարողացավ ամբողջովին իրեն ենթարկել Դերսիմցիներին: 1930-ական թթ. սկզբներին դերսիմցիներին վերջնականապես հպատակեցնելու նպատակով թուրքական իշխանությունները որոշեցին օգտագործել վերաբնակեցման մասին օրենքը: Դերսիմցիները պետք է տեղահանվեին և վերաբնակեցվեին Փոքր Ասիայի արևմտյան տարբեր շրջաններում, իսկ «քրդաթափ» շրջաններում բնակություն էր հաստատելու Բալկաններից ներգաղթած թուրքական տարրը: Բացի դրանից, ցեղերի ողջ անշարժ գույքը բռնագրավվելու և բաժանվելու էր Բալկաններից ներգաղթած թուրքերին: Այս քայլով կառավարությունը ջանում էր մի կողմից` երկրի արևելյան շրջանները բնակեցնել «հուսալի թուրքական տարրով», իսկ մյուս կողմից` կանխել քրդական նոր հնարավոր ապստամբությունները: Այդ ծրագիրը Դերսիմում կամ, ինչպես քեմալականներն էին վերանվանել, Թունջելիում մեծ հուզումների տեղիք տվեց: Շուտով ողջ Դերսիմը հայտնվեց ապստամբության կրակի մեջ: Այն ղեկավարում էր Սեյիդ Ռըզան, ով տարածաշրջանի մեծ հեղինակություն ունեցող ալևի ցեղապետերից էր: 1936 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկությամբ Դերսիմի հարցը մտցվում է ԹԱՄԺ-ի փակ նիստի օրակարգ: 1936 թ. նոյեմբերի 1-ին ԹԱՄԺ-ի բացման ժամանակ Աթաթյուրքը Դերսիմի վերաբերյալ իր զեկույցում ասաց. «Մեր ներքին գործերի մեջ ամենակարևորը Դերսիմի խնդիրն է: Անհրաժեշտ է ամեն գնով արմատախիլ անել այդ սարսափելի թարախակույտը: Այս հարցի վերաբերյալ շտապ միջոցներ ձեռնարկելու համար կառավարությունն օժտված է լայն իրավասություններով»:

1936 թ. ընթացքում թուրքական բանակի հրամանատարությունը Դերսիմի, Էլյազիգի (Խարբերդ), Ճապաղջրի և Բինգյոլի (Բյուրակն) շրջաններում զորք էր կենտրոնացնում: 1937 թ. ամռան սկզբին թուրքերը ռազմական գործողություններ սկսեցին «Դերսիմի խռովարարների» դեմ` օգտագործելով նաև ավիացիա, տանկեր և նույնիսկ թունավոր գազ: Թուրքական բանակը անխնա ոչնչացնում էր ոչ միայն զինված բնակչությանը, այլև խաղաղ գյուղացիներին: Որպեսզի ապստամբներին ստիպեն դուրս գալ իրենց լեռնային թաքստոցներից, թուրքական հրամանատարությունը հրամայեց կրակի ճարակ դարձնել Դերսիմի շրջակայքի անտառները: Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինյոնյուն և ներքին գործերի նախարար Շյուքրու Քայան ներկա էին գտնվել ռազմական գործողությունների ընթացքին:

Դերսիմի ապստամբությունը 1938 թ. ճնշվեց անողոք դաժանությամբ: Ապստամբության ղեկավարները խաբեությամբ հրավիրվեցին Խարբերդ և կախաղան բարձրացվեցին: Սկսվեց արյունոտ հաշվեհարդարը: 1937 թ. մեջլիսն օրենք ընդունեց, ըստ որի Դերսիմի ապստամբների ողջ ունեցվածքը բռնագրավվում էր հօգուտ պետության: 1938 թ. վարչապետի պաշտոնը ստանձնած Ջելալ Բայարը հայտարարեց, որ «Թուրքիայում ալևիների հարց այլևս գոյություն չունի»:

Իմիջիայլոց, այս թեման ժամանակակից Թուրքական պետությունում  մինչև վերջերս գրեթե հայտնի չէր հասարակությանը (նույնիսկ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թեման ավելի շատ մարդու էր ծանոթ, քան այս մեկը)։ Դերսիմի կոտորածի թեման ակտիվ քաղաքական օրակարգ բերեց իշխող Ազատություն և զարգացում կուսակցությունը՝ Էրդողանի գլխավորությամբ։ Նպատակը ոչ թե արդարությունը վերականգնելն էր, այլ սրա միջոցով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը ճնշելը, որին Էրդողանը և իր կուսակիցները մեղադրում էին «պատմական ոճրագործության համար»։

Շարունակելի․․․․

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան ՝ Աշխեն Վիրաբյան