Հայկական ինքնություն․ Հայ որբեր (մաս չորորդ)

  • by Western Armenia, 19 Ապրիլի, 2023 in Հասարակություն
175 դիտում

Ոչ մուսուլման ժողովուրդների երեխաների բռնի իսլամացումն ու թուրքացումը խոր արմատներ ուներ Օսմանյան կայսրությունում: Փաստերը ցույց են տալիս, որ այդ քաղաքականությունը կիրառվել է ընդհուպ մինչև Օսմանյան կայսրության անկումը: Կրոնափոխության հարմար թիրախներից են միշտ համարվել երեխաները, որոնց իսլամացնելով վաղ տարիքում` կարելի էր ավելի հեշտ ջնջել ազգային և կրոնական դեռևս չձևավորված ինքնագիտակցությունը: Հենց այս տրամաբանությամբ է գործել Օսմանյան կայսրությունում մեծ տարածում գտած և երկար դարեր կիրառված մանկահավաքի (դևշիրմե) ինստիտուտը, որն ունեցել է նաև «արյան հարկ» անվանումը: Մանկահավաքի ժամանակ կայսրության ոչ մուսուլման բնակչությունից հավաքվել են փոքրահասակ տղա երեխաները, որոնց տրվել է կրոնական և ռազմական կրթություն, և հենց նրանցից էլ ձևավորվել են ենիչերիների զորագնդերը: Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության տարիներին արձանագրվել են պետության և մուսուլման հասարակության կողմից հայ երեխաների զանգվածային իսլամացման բազմաթիվ դեպքեր: Ընդ որում, պետության և հասարակության միջև եղել է, ըստ էության, փոխադարձ շահերի վրա հիմնված համաձայնություն: Մեծ հայասեր և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը, անդրադառնալով հայերի բռնի կրոնափոխության խնդրին, նշում է. «Իսլամ ընդունողների և թլպատվողների թիվը մեծ էր, հատկապես երեխաների, որոնց ձեռք էին գցում իշխանությունները»

Հայերի դեմ իրականացվող ջարդերի տարիներին հայ երեխաների բռնի իսլամացումն ու ձուլումը կատարվել են երկու մակարդակով` պետության և հասարակության լայն խավերի կողմից:  Օսմանյան իշխանությունների կիրառած քաղաքականության երկու հիմնական ուղղություններն են.

 ա) երեխաները վերցվել են պետական թուրքական որբանոցներ` իսլամացվելու և թուրքացվելու նպատակով, բ) հայ երեխաներին պետությունն իր համապատասխան կառույցներով և մեթոդներով բաժանել է մուսուլման բնակչությանը` կրկին իսլամացնելու և թուրքացնելու նպատակով:

Հայկական ջարդերի տարիներին հայ երեխաների բռնի իսլամացման խնդրին, իրավացիորեն նշում է, որ թուրքերի համար այդ երեխաները դիտվում էին որպես թուրք ժողովրդի էթնիկ գենային նկարագիրը հարստացնելու համար փնտրված աղբյուր: Ահա հենց այդ պատճառով աղջիկ երեխաները դառնալու էին թուրքերի և քրդերի հարեմների զոհ, և երեխաներ ունենալով, հարստացնելու էին նրանց գենետիկ ֆոնդը, իսկ հայ տղա երեխաները իսլամացվելուց հետո դաստիարակվելու էին որպես թուրք մուսուլման: Հայ երեխաների իսլամացման քաղաքականությունը թուրք հեղինակները փորձում են ներկայացնել հիմնականում հումանիզմի համատեքստում: Այսպես, պատմաբան Իբրահիմ Աթնուրի գրքում ասվում է, որ Օսմանյան կառավարությունը, հասկանալով, որ աքսորի ժամանակ երեխաները բազմաթիվ դժվարությունների են բախվում, դիմեց «հայ երեխաների խնամքի և կրթության համար երկու մեթոդի» : Այդ մեթոդներից մեկը երեխաներին թուրքական որբանոցներում տեղավորելն էր, իսկ մյուսը` մուսուլման ընտանիքներին բաժանելը: Հատկապես մուսուլմանական ընտանիքներին բաժանելու փաստը թուրք հեղինակը փորձում է հիմնավորել հետևյալ անհեթեթ փաստարկով. «Անշուշտ, քանի որ պատերազմական վիճակում հնարավոր չէր բոլոր երեխաներին տեղավորել որբանոցներում, ուստի ընտրվել էր այս ճանապարհը» : Սրան զուգահեռ` Աթնուրը նշում է, որ թուրքական որբանոցներում հայ երեխաների նկատմամբ չէր կիրառվում էթնիկ և կրոնական խտրականություն: Սակայն այս ամենի կողքին նա չէր կարողանում շրջանցել օսմանյան ղեկավարների` հայ երեխաներին թուրքացնելու մասին տված հստակ հրամանները: Նման օրինակներից է Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվերի նամակը` ուղղված ներքին գործերի նախարար Թալեաթին, որտեղ նա խնդրում է և պահանջում հայ որբերին ուղարկել հատկապես թուրքական որբանոցներ:

1916թ. մայիսի 9-ին գրված նամակում ասվում է. 

«Կրոնափոխ և ոչ կրոնափոխ հայ որբերին եթե վերցնեք մեր որբանոցները, ես պատրաստ եմ ռազմական բյուջեից հոգալու դրա համար անհրաժեշտ ծախսերը»: Օսմանյան կառավարության մեկ այլ անդամ` կրթության նախարարը, Մարդինի նահանգապետարան ուղարկած 1916 թ. հունիսի 1-ի ծածկագիր-հեռագրում նշում է, որ Մարդինի որբանոց պետք է վերցնել միայն իսլամացված հայ երեխաներին: Հայ երեխաների թուրքացման պետական քաղաքականության մասին անհերքելի փաստեր են ներկայացված հենց օսմանյան արխիվում, որոնցից, օրինակ, 1915թ. հուլիսի 10-ին թվագրված փաստաթղթում հրահանգվում է. «Իսլամացած հայ որբ երեխաներին բաժանել բարեկեցիկ մուսուլման ընտանիքներին, հատկապես այն գյուղերում ու գյուղաքաղաքներում, ուր հայեր չկան, եթե երեխաների թիվը շատ է, նրանց տալ ապրուստը դժվարությամբ հոգացող մուսուլման ընտանիքներին և ամեն երեխայի համար ամսական 30 քուրուշ վճարել նրանց: Ապա պետք է ցուցակագրել այդ երեխաների թվի և գտնվելու վայրի մասին տվյալներն ու դրանք ուղարկել կենտրոն: Հատուկ նշվում է, որ այս երեխաները հանձնվում են այդ ընտանիքներին այն պայմանով, որ նրանց տրվի մուսուլմանական կրթություն» :

Շարունակելի․․․

Աշխեն Վիրաբյան

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան