Հայկական ինքնություն․ Հայ որբեր

  • by Western Armenia, 15 Ապրիլի, 2023 in Հասարակություն
397 դիտում

1915-1923 թթ. Հայերի ցեղասպանության հետևանքով հազարավոր հայ երեխաներ որբացան և կրոնափոխ եղան: Նրանց մեծ մասը հարազատների կորստից հետո հայտնվեց անմարդկային պայմաններում՝ զրկվելով կենցաղային ամենատարրական պայմաններից: Որբերից շատերը մահացան սովի և այդ տարիներին մոլեգնող տարբեր համաճարակներրի հետևանքով: 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո հայ որբերին վերահաս կորստից փրկելու համար գործուն աշխատանքներ իրականացրեցին հայկական միությունները (Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ), Ազգային խնամատարություն), հայոց եկեղեցին (Ազգային առաջնորդարաններ), անհատները` հատկապես Հայկական լեգեոնի և հայկական կամավորական գնդերի զինվորականները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները (Կարմիր խաչ, Ազգերի լիգա):

Հայ որբերին հավաքագրում էին Օսմանյան կայսության տարբեր հատվածներից, սիրիական անապատներից, Անդրկովկասից, մահմեդական ընտանիքներից, ազատագրում թուրքական պետական որբանոցներից: Որբահավաք աշխատանքների շնորհիվ 1918-21 թթ. ընթացում հավաքագրվեց ավելի քան 77 000 հայ երեխա, որոնք տեղաբաշխվեցին  Ա րևմտյան Հայաստանի, Կովկասի, Միջին Արևելքի հայկական և օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պետական որբանոցներում:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԵՎ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ԵՐԿՈՒ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Փոքր Ասիայում քեմալական (Ազգայնական) շարժման ծավալմանը զուգընթաց՝ 1921-22 թթ. Օսմանյան կայսրության որբանոցներում ապաստանած հայ երեխաների համար ստեղծվեց վտանգավոր իրավիճակ: Այն ավելի սրվեց Կիլիկիայում քեմալականների կողմից իրագործված հայկական կոտորածներից հետո, որի հետևանքով հազարավոր կիլիկիահայեր Այնթափից, Մարաշից, Հաճընից, Մերսինից և այլ վայրերից ստիպված էին լքել իրենց հայրենի բնակավայրերը: 1921 թ. վերջին՝ կիլիկիահայերի զանգվածային գաղթի ընթացքում, շուրջ 7 500 հայ որբ Կիլիկիայից տեղափոխվեց Հալեպ, Բեյրութ, Դամասկոս և Ալեքսանդրեթ, որոնց մեծ մասը հայտնվեց Ազգային խնամատարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության խնամակալության տակ: Փաստորեն, հայ որբերը երկրորդ անգամ էին տարհանվում Կիլիկիայից: Այս կապակցությամբ Հայերի ցեղասպանության վերապրող Հմայակ Գրանյանը  գրում է. «Դեկտեմբերի 31-ին ՝ 1921 թվականի առաւօտ, Միքայէլ Նաթանեանի հետ, Սիսուան եւ Քէլէկեան որբանոցներու բանալիները, կահ-կարասիներու ցուցակները եւ զոյգ շէնքերու ֆիզիքական նկարագրութիւնը … տարինք ֆրանսացի կառավարիչ՝ գնդապետ Քլեմանին յանձնեցինք եւ արցունքոտ աչքերով վերադարձանք որբերուն, առաջնորդելու համար երկաթուղագծին կայարանը եւ անկէ՝ Իսկենտերուն, վերջին անգամ ալ, մօտ հազար բերնով, երգելով. Ցանկամ տեսնել, զիմ Կիլիկիա…
Աշխարհ ո´ր ի´նձ ետու´ր արե´ւ»։

Կիլիկիայի՝ Մերսինի և Տյորթ-Յոլի, երեք որբանոցներից տարհանված հայ որբերի համար 1922 թ. սկզբին ՀԲԸ Միության Բեյրութի մասնաճյուղի ջանքերով վերակազմավորվեց Քելեկյան-Սիսուան որբանոցը:

Հայ երեխաներին Կիլիկիայից տարհանել է նաև դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը, ով 1922 թ. հունվարին Քարեն Մարի Պետերսոնի հետ հայ որբերի մի մեծ խումբ փոխադրեց Բեյրութ: 1922 թ. հուլիսին Կիլիկիայից տարհանված 208 որբերի հետ նա հաստատվեց Բիբլոս և Բեյրութ քաղաքների միջև գտնվող Զուք Միքայիլ բնակավայրում, որտեղից հետագայում նրանց տեղափոխեցին Սայդա: Այս որբանոցում խնամք և հոգածություն էին ստանում ամենափոքրիկ հայ որբերը:

Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute


1915-23 թթ. երիտթուրքերի և քեմալականների կողմից իրագորված հայկական կոտորածների հետևանքով որբացած հազարավոր հայ երեխաների սպառնում էր ֆիզիկական ոչնչացման վտանգ Օսմանյան կայսրության ողջ տարածքում: Այս մտահոգությամբ պայմանավորված՝ 1922 թ. փետրվարի 7-ին Հալեպում կայացավ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների և Սահակ Բ կաթողիկիոսի կողմից վավերացված հայկական պատվիրակության (Ազգային միության, Քաղաքական ժողովի ներկայացուցիչների, Մարաշի և Այնթափի որբանոցների հոգաբարձուների) ժողովը՝ Առաջնորդական փոխանորդ Հարություն քահանա Եսայանի նախագահությամբ: Ժողովում քննարկվեց Թուրքական իշխանությունում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը և որոշվեց Արևմտյան Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանների որբանոցներում ապաստանած հայ որբերին տեղափոխել Սիրիա և Լիբանան, իսկ հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների որբացած հայ երեխաներին՝ Հունաստան և Կովկաս: Թուրքական կառավարության  ներքին՝ կենտրոնական շրջանների՝ Կեսարիա, Կոնիա, Սեբաստիա, ինչպես նաև հյուսիսային շրջանների՝ Տրապիզոն, Սամսուն, քրիստոնյա որբերը՝ հայ և հույն ծնողազուրկ երեխաները, Ամերիկյան նպաստամատույցի որոշմամբ ցամաքային ճանապարհով փոխադրվեցին Կ.Պոլիս, իսկ այնտեղից՝ նավով Հունաստան և տեղաբախշվեցին 13 որբանոցներում: Քայքայվող Օսմանյան կայսրության մյուս շրջաններից՝ Թրակիայից, որբերը տեղափոխվեցին Ռումինիա և Բուլղարիա, իսկ Իզմիրից և Բրուսայից՝ Մարիցա գետով՝ Հունաստան:

Հալեպում կայացած ժողովի մասնակիցները քննարկեցին և որոշեցին, որ «լավ է թրքական իշխանութեանց տակ գտնուած որբանոցները փոխադրել, անոնց տեղը պահելով տեսակ մը միսիոնարական կազմակերպութիւններ, որոնք պիտի ծառայեն շրջաններու մէջ գտնուած որբերը հաւաքելու և պատսպարելու, զանոնք նկատելով իբր Րըլիֆի  սաները: Որբանոցներուն կապուած պաշտօնեաներն ու գործաւորներն ալ պէտք է փոխադրել որբերուն հետ. եւ պէտք է Ճէպէլ-Լիբանան հիմնուելիք որբանոցներուն մէջ տալ հայկական դաստիարակութիւն»:

Այսպիսով, ելնելով Արևմտյան Հայաստանում ստեղծված քաղաքական լարված իրավիճակից, ինչպես նաև հատկապես հայ որբերի կյանքին սպառնացող հնարավոր վտանգից, հայ հասարակական գործիչներն ու հոգևոր ներկայացուցիչները և Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն, որի աշխատակիցների որբահավաք աշխատանքների արդյունքում 1918-1921 թթ. հավաքագրվել էր 132.000  հայ, հույն և ասորի որբ, օրհասական համարեցին կայսրության տարածքի որբանոցներում ապաստանած քրիստոնյա որբերին տարհանել երեք հիմնական ուղղություններով.

1. Բալկաններ՝ Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան
2. Կովկաս
3. Միջին Արևելք՝ Սիրիա և Լիբանան:

Աշխեն Վիրաբյան

Western Armenia tv-ի լրագրող-վերլուծաբան