«Հայրենադարձների ինտեգրման կենտրոն»-ն ամբողջությամբ պատրաստ է. հայտնի է աշխատանքի մեկնարկի ժամկետը

  • by Ashkhen Virabyan, 23 Փետրվարի, 2023 in Հասարակություն
87 դիտում

Հայաստանում շուտով իր դռները կբացի «Հայրենադարձների ինտեգրման կենտրոն»-ը, որը հիմնվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն տեղակայվելու է Երևանում՝ Հանրապետության 37 հասցեում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայրենադարձների ինտեգրման կենտրոն»-ի ստեղծման ծրագրի համակարգող Մարգարիտա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հատկացված համապատասխան տարածքի շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին:

«Մեր հիմնական գործընկերն է  «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը և ես կարծում եմ, որ գարնան վերջին կկարողանանք մեր դռները բացել հայրենադարձների առաջ։ Մեր նպատակն է այնպես անել, որ հայրենադարձները արագ ու հեշտությամբ ինտեգրվեն Հայաստանում: Բուն մեր աշխատանքը լինելու է այն, որ հայրենադարձությամբ հետաքրքրվող, նաև՝ արդեն Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին օգնենք, աջակցություն և խորհրդատվություն տրամադրենք մեկ տեղից: Ահա այս կենտրոնը կլինի նրանց կողքին»,- ասաց Մարգարիտա Բաղդասարյանը:

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում հանձնակատարի այս նախաձեռնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ  վերջին ավերիչ երկրաշարժից հետո Արևմտյան Հայաստանում իրենց տները կորցրած շատ հայեր կտեղափոխվեն նաև ՀՀ՝ ժամանակավոր կամ մշտական բնակության համար։ Մենք համագործակցության պատրաստակամություն ենք հայտնում, գործընթացն առավել դյուրին կազմակորպելու համար։