Որտե՞ղ պատսպարվեցին հայ որբերը ցեղասպանությունից հետո․ Ալեքսանդրապոլի որբանոցները

  • by Western Armenia, 14 Մարտի, 2023 in Հասարակություն
175 դիտում

Արեւմտյան Հայաստանում հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ հարյուր հազարավոր երեխաներ զրկվեցին ծնողներից: Նրանց փրկության գործը ժամանակի ամենահրատապ հարցերից մեկն էր: 1915 թ.-ից անապաստան երեխաների համար կազմակերպվում են որբանոցներ` նախ Կարսում, իսկ Կարսի գրավումից հետո նաեւ Ալեքսանդրապոլում: 1915 թ. հոկտեմբերին Ալեքսանդրապոլի գավառում գաղթականների թիվը հասնում է 22.815-ի:

1914 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի թեմի առաջնորդ Արտակ Վարդապետի գլխավորությամբ ստեղծվել էր Ազգային հանձնաժողով` կամավորների եւ ինքնապաշտպանության, գաղթականներին, վիրավորներին օգնող եւ վիճակագրական տեղեկություններ հավաքող բաժիններով: Մեծ թափ են առնում որբախնամ աշխատանքները: 1915-17 թթ. Ալեքսանդրապոլում բացվում է 8 որբանոց, որտեղ ապաստանում են Արևմտյան Հայաստանից տեղափոխված 500 հայ որբ երեխաներ: 

Առաջին որբանոցը Ալեքսանդրապոլում բացվում է 1915 թ. նոյեմբերի 20-ին «Երիտասարդական միության» կողմից, որը մեծ դժվարություններով, միայն իր միջոցների հաշվին պահում է որբանոցը մինչեւ 1916 թ. փետրվարը։

1916 թ. ապրիլի 25-ին բացվում է «Միացյալ ընկերությունների երկրորդ որբանոցը»` 62 որբերով: Իր որբանոցներն է բացում նաեւ Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը կից պատերազմից տուժածներին օգնող հայկական կենտրոնական կոմիտեն: 

Որբերը ապահովված էին սննդով, հագուստով, բժշկական եւ սանիտարահիգիենիկ պարագաներով։ Նրանք հանրակրթական առարկաներից զատ սովորում էին զանազան արհեստներ, օտար լեզուներ: Աղջիկ որբերը հմտանում էին ամեն կարգի տնային գործերի մեջ: Երեխաները օրվա մի մասը անցկացնում էին դպրոցում, մյուս մասը` արհեստանոցներում։

Որբանոցները գոյատեւում են մինչեւ 1927-29 թթ., երբ բացվում են Լուկաշինի անվան մանվածքային ֆաբրիկան ու Տեքստիլ կոմբինատը, արդեն չափահաս դարձած որբերի մի մասն աշխատանքի են անցնում այնտեղ: