1921 թ․ այս օրը Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալաթ փաշային

  • by Western Armenia, 15 Մարտի, 2023 in Հասարակություն
119 դիտում

Հայ ազգային–ազատագրական շարժման մարտիկ Սողոմոն Թեհլերյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարինի նահանգի Ներքին Բագառիճ գյուղում։ 1912 թ-ին ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը, 1918-19 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 

1913 թ-ին մեկնել է Եվրոպա՝ ուսումը շարունակելու, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մեկնել է ռազմաճակատ, կռվել Անդրանիկի ջոկատում: 1918 թ-ին  վիրավորվել է, տեղափոխվել Թիֆլիս:  1919 թ-ին մեկնել է Հյուսիսային Կովկաս, ապա՝ Կոստանդնուպոլիս: 

1919–20 թթ-ին Կոստանդնուպոլսում տեղի է ունեցել երիտթուրքերի դատավարությունը. հայերի տեղահանության ու ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային հեռակա դատապարտել են մահվան: 

Որոշելով վրեժխնդիր լինել Թալեաթից՝ Թեհլերյանը որոնել է նրան մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում: 1921 թ-ի մարտի 15-ի առավոտյան Թեհլերյանը փողոցում դիմահար կրակոցով սպանել է Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը: Դատավարության ընթացքում բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել երիտթուրքերի հանցավոր հակահայ քաղաքականությունը: Գերմանացի հասարակական և հոգևոր գործիչ Յոհաննես Լեփսիուսը` որպես վկա,  մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունը, ըստ էության, վերածվել է Թալեաթի և հայերի դեմ իրականացված ցեղասպանության մյուս կազմակերպիչների դատի: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի  դահլիճից ազատ արձակել, իսկ գերմանական մամուլը պահանջել է դատ հարուցել Թուրքիայում 1912–15 թթ-ին Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա  հանցավոր լռության համար:

Ազատվելուց որոշ ժամանակ անց Թեհլերյանը մեկնել է Հարավսլավիա` Բելգրադ, ապա` ԱՄՆ` Սան Ֆրանցիսկո: