2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը սկսված է

  • by Western Armenia, 14 Մայիսի, 2024 in Հասարակություն
21 դիտում

2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլը սկսված է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս համաշխարհային մրցանակը բացահայտում է եւ աջակցում մերօրյա հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություններ են իրականացնում այն համայնքներում, որտեղ ամենաշատը կա դրա կարիքը: 

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որից հետո ստուգվում է նրանց համապատասխանությունն առաջադրման չափանիշներին: Նախնական գնահատումից հետո «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհուրդը կազմում է թեկնածուների կարճ ցուցակ: Ավելի ուշ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրում է «Ավրորայի» հերոսներին, ապա՝ մրցանակի դափնեկրին, որի անունը հայտարարվում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: 

2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր ճանաչվեց Դենիս Մուկվեգեն՝ կանանց պաշտպանելու եւ սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար գործադրած խիզախ ջանքերի համար: Այսպիսով, նա ստացավ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝  1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակն ուղղելով համայնքային ակտիվիստների աջակցությանը, որոնք օգնում են կարիքավոր մարդկանց:

Ստեղծվելով, Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների,  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում: Այն արդեն օգնության ձեռք է մեկնել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող ավելի քան 3.2 միլիոն մարդու: